Փաշինյանը`թեկնածուներից մեկի շտաբի լրատվության պատասխանատու․հրաժարականից առաջ՝ մեծ առնետավազք․1998թ․ Զուգահեռներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+»-ը սկսում է նոր «Ընտրական զուգահեռներ» շարք, որտեղ համառոտ ու փաստերով ներկայացնում ենք՝ ինչպես են ընթացել համապետական ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած 1990-ականներից մինչև մեր օրերը։
Մենք բացելու ենք արխիվները, հիշեցնելու անցյալի դրվագները, ու փորձելու հասկանալ՝ ինչ են պատմում դրանք այսօրվա մասին։
Այս շարքը հակիրճ ուղեցույց է անցումային Հայաստանի ընտրական անցյալով՝ առանց մեկնաբանության, առանց չափազանցությունների, միայն փաստերով։
---------------------------
1998 թվականի նախագահի ընտրություն (1-ին մաս)
03․02․1998 թ․ ՀՀ նախագահի հրաժարական․
-Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես Հայաստանում պարտվել է խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը։
1998-ի փետրվարի 3-ին հրաժարական տվեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հայաստանում կազմակերպվեց նախագահի արտահերթ ընտրություն։ Սա ոչ միայն առաջին արտահերթ ընտրությունն էր, այլև առաջինը, որի համար պահանջվեց քվեարկության երկրորդ փուլ։
Նախագահի հրաժարականին առաջինն արձագանքողներից էր «Նոր ուղի» կուսակցության հիմնադիր Աշոտ Բլեյանը։
«Խաղաղության կուսակցությունը չի կարող պարտվել, ես եմ խաղաղության կուսակցությունը»,- հայտարարեց նա՝ առաջադրվելով նախագահի թեկնածու։
Աշոտ Բլեյանը 12 թեկնածուներից ամենաքիչ ձայն ստացողը եղավ։ Արդյունքը, սակայն, չէր հիասթափեցրել թեկնածուի թիմին։
Ձայների հաշվարկի ավարտից հետո նրա շտաբի լրատվության պատասխանատու Նիկոլ Փաշինյանն «Ա1+»-ի տաղավարում հայտարարեց, որ ժողովրդավարության համար պայքարը չի ավարտվում մեկ օրով։
Իսկ ինչո՞ւ հրաժարական տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հակադիր պատկերացումները դարձել էին կառավարող թիմի պառակտման պատճառ։ Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ անհրաժեշտ է հարցը լուծել հնարավորինս արագ՝ նույնիսկ լուրջ փոխզիջումների գնով։ Ըստ նրա՝ եթե հապաղենք և լուծմանը գնանք հարկադրված, դա արդեն կլինի կապիտուլյացիա։
Մինչդեռ ուժային նախարարներ Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, վարչապետ Ռոբերտ Քոչարյանը և Արցախի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը որդեգրել էին առավելապաշտական դիրքորոշում։ Նրանք կողմնակից էին 12,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Արցախի գաղափարին։
Հրաժարականից ամիսներ առաջ՝ 1997 թ. նոյեմբերի 1-ին, մամուլում հրապարակվեց նախագահի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, որով ներիշխանական հակասությունները դարձան հրապարակային։ Դրանից հետո իրադարձությունները զարգացան սրընթաց կերպով։
Պատգամավորները զանգվածաբար լքեցին ՀՀՇ-ի հիմքով ձևավորված «Հանրապետություն» միավորումն ու անցան «Երկրապահ» խումբ։ Կառավարող խմբակցությունը լքեցին առավել քան 40 պատգամավորներ։
1998 թ. փետրվարի 2-ը պատմության մեջ մտավ որպես «Մեծ առնետավազքի օր», երբ մեկ օրում 28 պատգամավոր ճամբարափոխ եղավ, և ՀՀՇ-ն զրկվեց խորհրդարանական մեծամասնությունից։
Այս ամենին նախորդել էր հունվարի 7-8-ի Անվտանգության խորհրդի նիստը, որն էլ կանխորոշել էր ուժերի հարաբերակցությունն ու նախագահի հեռացումը։ Նախքան Տեր-Պետրոսյանը, փետրվարի 2-ին հրաժարական տվեցին նաև ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանն ու Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը։
Նախագահի հրաժարականն ընդունվեց փետրվարի 4-ի խորհրդարանի նիստում։ Ըստ գործող Սահմանադրության՝ նախագահի պարտականությունները պետք է ստանձներ ԱԺ նախագահը, սակայն Խոսրով Հարությունյանը հայտարարեց այդ լիազորությունները կատարելու անհնարինության մասին։
Արդյունքում նախագահի պաշտոնակատար դարձավ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, որը նույն տարվա մարտին անցկացված ընտրությունների երկու փուլերի արդյունքում դարձավ Հայաստանի երկրորդ նախագահ։