Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔանի դեռ կա թեկուզ մեկ հայ ռազմագերի ադրբեջանական բանտում, չի կարող լինել խաղաղություն և հաշտություն. ակցիայի մասնակիցները չեն հեռանում
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան պաշտոնական այցի առիթով՝ ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում անհետ կորած անձանց հարազատները՝ պահանջելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը։ Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ քանի դեռ թեկուզ մեկ հայ ռազմագերի գտնվում է ադրբեջանական բանտում, չի կարող խոսք լինել խաղաղության և հաշտության մասին։ «Այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ողջ հանրությունը և միջազգային հարթակը տեղեկանա, որ ներկա պահին Ադրբեջանի Հանրապետությունում գտնվում են մեր հայրենակիցները՝ ռազմագերու կարգավիճակով, և մեր հավաքի նպատակն է մեր ձայնը լսելի դարձնել»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։ Նրանք հիշեցրին, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նշել էր, որ իր ուղերձը Իլհամ Ալիևին, ամենայն հավանականությամբ, չի մերժվի. «Շատ կարևոր է, որ Բաքու այցի ժամանակ այդ ուղերձը ևս լինի», - հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։ «Նա լավ կաներ առաջինը գնար Բաքու և Հայաստան վերադառնար մեր գերիների հետ։ Մեր հայրենակիցները պատանդ են բռնապետ Ալիևի ձեռքին։ Պատանդ նշանակում է, որ նրանք կօգտագործվեն քաղաքական առևտրի նպատակով»,- ընդգծեցին ակցիայի մասնակիցները։ Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի և երեխաների հետ երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։ Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։