Գորիսում միջադեպի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր․ մահացածներից մեկը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հունվարի 25-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամ 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիս քաղաքի «Թոզկապ» կոչվող տարածքում՝ գերեզմանների հարևանությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ պայթյուն է հնչել և կան տուժածներ, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետի և Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացած օպերատիվ տեղեկությունը հավաստի է և կա 2 զոհ, 1 վիրավոր։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածներից մեկը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» և «սպանության փորձի» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են դեպքի հանգամանքները, մահացածների, վիրավորի և մասնակիցների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով զինված ողբերգական այս դեպքի հետ Առուշ Առուշանյանը ըստ նախնական և օպերատիվ տեղեկությունների առնչություն չունի և իրավապահները մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում կենցաղային։Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածներից մեկը Սյունիքի մարզի բնակիչ Վարուժան Յոլյանն է, մյուսն էլ Առուշ Առուշանյանի վարորդ Արմեն Յոլյանը և նրանք ազգականներ են։