Բացել լրահոսը Փակել լրահոսը
images (2)
A A
Հասարակություն

Կապանի «Սյունիք» օդանավակայանը որպես միջազգային օդանավակայան շահագործելու հնարավորություն է ստեղծվում

Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան. սրա համար ստեղծվում են իրավական հիմքեր, սակայն դեռ պետք է արվեն համապատասխան ներդրումներ:

ՀՀ կառավարությունը հունվարի 22-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացման նախագծին:

Կոնցեսիոն պայմանագիրը ստորագրվել է ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև 2001թ դեկտեմբերի 17-ին:  

Ընդունված լրացմամբ կոնցեսիոն պայմանագրի երաշխավորված ներքին շահութաբերության և վնասների հատուցման բանաձևերն ուժը կորցրած են ճանաչվում: Կոնցեսիոն պայմանագրի անորոշ ժամկետով երկարաձգման իրավունքի կետը ուժը կորցրած է ճանաչվում: Արձանագրվում է, որ կողմերը՝ Կառավարությունն ու կոնցեսիոները միմյանց նկատմամբ երկարաձգման գործարքի կնքման օրվա դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունեն:

«Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են, կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թ վերջ: Կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել 425 մլն դոլարի չափով կապիտալ ներդրումներ, մաստերպլանը և ներդրումային ծրագիրը կներկայացվի Կառավարության համաձայնեցմանը»,-ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Եթե կոնցեսիայի ժամկետի ընթացքում որևէ պահի ոչ կոնցեսիոների մեղքով ուղևորահոսքը 2 տարի անընդմեջ նվազում է՝ ամեն տարի կազմելով 4 մլն ուղևորից պակաս, ապա Կառավարությունը պետք է կոնցեսիոների կրած վնասի համար կոնցեսիոներին փոխհատուցի սակագների ճշգրտման եղանակով, բայց ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով: Սահմանվում է, որ կոնցեսիոները պարտավոր է պայմանագրի ժամկետի ավարտից հետո կամ պայմանագրի վաղաժամ լուծման դեպքում օդանավակայանը և դրա պատկանելիքները վերադարձնել Կառավարությանը լիովին և լիարժեք շահագործվող վիճակում:

«Վերահաստատվում է, որ թե՛ օդանավակայանի ենթակառուցվածքը, թե՛ շահագործումը ողջ ընթացքում պետք է համապատասխանեն միջազգային առաջնակարգ ստանդարտների»,-ասաց Սիմոնյանը:

Նախատեսված ներդրումները պետք է իրականացվեն մինչև 2033 թ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցրեց՝ եթե ստորագրվի լրացումը, այդ օրվանից Կապանի օդանավակայանը կարո՞ղ է շահագործվել որպես միջազգային օդանավակայան: «Այսինքն՝ մենք ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում»,-ասաց փոխվարչապետը:

Սիմոնյանը դրական պատասխան տվեց. «Նման իրավական հիմք է ստեղծվում: Գործող կոնցեսիոն պայմանագրով կա որոշակի սահմանափակում, որ եթե կառավարությունը որոշում է «Զվարթնոց» օդանավակայանի 250 կմ շառավղով հեռավորության վրա որևէ օդանավակայան փոխակերպել քաղաքացիական, տեղական կամ միջազգային օդանավակայանի, ապա գործող կոնցեսիոներն ունի այդ օդանավակայանի նկատմամբ առավելություն՝ կառավարումը ստանձնելու: Սակայն այս պարագայում Կապանի «Սյունիք» օդանավակայանն այս լրացմամբ դուրս է գալիս այդ կարգավորումից»,-ասաց նա:

Նա հավելեց՝ իրավական առումով, այո, միջազգային օդանավակայան կարող է լինել, սակայն միջազգային օդանավակայան դարձնելու համար «Սյունիքի» օդանավակայանում պետք է համապատասխան սարքավորումներ ու ներդրումներ իրականացվեն, որ այնտեղ սահմանային, մաքսային և այլ գործառույթներ ստեղծվեն: