Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Կստեղծենք 300 000 աշխատատեղ ՀՀ-ում. Նարեկ Կարապետյանը մանրամասնեց, թե ինչպես (տեսանյութ)

Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի անկախության 35-րդ տարում երկիրը դեռ ընդգրկված է աշխարհի 110 աղքատ երկրների ցանկում, ինչը վկայում է, որ այն կարիք ունի արմատական բարեփոխումների ու զարգացման նոր ուղու։

Նա հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանն առաջարկում է 5 տնտեսական քայլ, որից առաջինն է ստեղծել 300 հազար նոր աշխատատեղ Հայաստանում:

Նրա խոսքով՝ մինչ այժմ իրականացված բարեփոխումներն ուղղվել են այլ առաջնահերթությունների, ոչ թե տնտեսական վերելքին։

«Մենք գիտենք, որ մեր երկրի անկախության առաջին 20-28 տարին բարեփոխումները եղել են անվտագային օրակարգի շուրջ, դրանից հետո 7-8 տարին՝ երևի հակասությունների օրակարգի շուրջ, իսկ այդ ընթացքում մենք ունենում էինք մի խնդիր, որ քչերն են նկատում, մարդիկ, որ դա զգում են իրենց վրա։ Դա թուլացող Հայաստանն է, որի բնակչությունը շրջաններից ուղղակի դուրս է գալիս։ Երևանցիները գնում են ԱՄՆ, շրջաններից գնում են Ռուսաստան։ Մեր երկրի բնակչութունը կես մլնով քչացել է անկախությունից հետո։ Շարունակում է անկում ապրել»,-իրավիճակը նկարագրել է Նարեկ Կարապետյանը։

Նա նշել է, որ Սամվել Կարապետյանի առաջարկած քայլերը մշակված են տարիների աշխատանքի արդյունքում:

«Պետական համակարգում մինչ այս եղած երկրի ղեկավարները, միշտ պետական ապարատի կողմից են նայել տնտեսությանը, առաջին ղեկավարը, որ կնայի ձեռնարկատերերի, հասարակության անդամի կողմից, կլինի Սամվել Կարապետյանը։ Ամենառաջին քայլը, բոլոր շրջաններում մենք տեսնում ենք մեկ հիմնական խնդիր, երկրում կա աշխատատեղերի խնդիր, շրջաններում գործ չկա։ Դրա պատճառով մարդիկ մեկնում են արտերկիր, ընտանիքները թողնում են այստեղ, ինչի պատճառով ունենում ենք բազմաթիվ բացասական հետևանքներ։

Այս բոլորի լուծման ճանապարհը պետությունը տվել է սուբսիդիաների տեսքով։ Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին շրջաններում արտադրությունը, արդյունաբերությունն անկում են ապրել։ Մենք ինչ որ տեսնում ենք Երևանում, վարկերի հիրմքով ստեղծված տնտեսություն է, որը չի կարողանա երկար տեմպը պահպանել։ Ի՞նչ ենք մենք առաջարկում, առաջին քայլը, ստեղծել 300 հազար նոր աշխատատեղ Հայաստանում»,-հայտարարել է Նարեկ Կարապետյանը։

Նա նշել է, որ աշխատատեղերի ստեղծման ծրագրին զուգահեռ արդեն մշակվել է պետական քաղաքականություն, որի առանցքում են արդյունաբերության վերագործարկումը, ծառայությունների արտահանումը և այլ կարևոր ուղղություններ։

Երկրորդ քայլով նախատեսվում է փոքր բիզնեսին ընդհանրապես ազատել հարկերից, 3–րդ քայլով 20%–ով ավելի էժան դեղորայքի ապահովում բոլորի համար, 4–րդ քայլով բերքի երաշխավորված մթերում գյուղերում, 5–րդ քայլով` 20 հազար մատչելի բնակարան պետական աջակցությամբ։

Ծրագրի շնորհանդեսի ընթացքում կազմակերպվել է նաև պանելային քննարկում, որտեղ տնտեսագետներն ու ոլորտի մասնագետները հնարավորություն են ունեցել արտահայտել իրենց դիրքորոշումը, հարցեր ուղղել և առաջարկություններ ներկայացնել։