2025-ին գնացքներից օգտվել է 510 հազար ուղևոր
Աջակցիր «Ա1+»-ին2025 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքներից օգտվել է 510 հազար ուղևոր: Միջազգային երթուղիներում փոխադրվել է մոտ 42 հազար ուղևոր, իսկ տեղական երթուղիներում՝ 468 հազար։
Տոնական օրերի ընթացքում (դեկտեմբերի 30-ից հունվարի 6-ը) Երևան–Թբիլիսի–Երևան երթուղով տեղափոխվել է 1058 ուղևոր, իսկ տեղական երթուղիներում՝ ավելի քան 10 հազար ուղևոր: Նոր տարվա ընթացքում իրականացվել է նաև 10 «Հեքիաթային Էքսպրես» չարտերային ուղևորափոխադրում երեխաների համար նախատեսված տոնական ներկայացումներով։
Միջազգային երթուղիներում ուղևորների թիվը համեմատելի է 2024 թվականի հետ, սակայն ներքին երթուղիներում արձանագրվել է 10%-ով նվազում, որը կապված է նոր Հյուսիս–Հարավ ավտոճանապարհի բացման և Արարատ և Արմավիր մարզերում ուսանողների համար մատչելի անվճար համայնքային ավտոբուսների գործարկման հետ։
Ուղևորափոխադրումների գծով տնօրեն Հրանտ Միքայելյան.
«Անցած տարվա ընթացքում մենք շարունակել ենք ուղևորներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Մասնավորապես, մեկնարկել են ուղևորային պլատֆորմների արդիականացման և հիմնանորոգման աշխատանքները։ Փոխարինվել է Երևանի երկաթուղային կայարանի, ինչպես նաև Արաքս և Արագած կայարանների պլատֆորմների սալիկապատ ծածկույթը։ Ամբողջությամբ վերակառուցվել է Արտաշար կանգառի պլատֆորմը։ Երևանի երկաթուղային կայարանի շենքում տեղադրվել է հատուկ սանհանգույց՝ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար։
Միաժամանակ մեր աշխատանքներում առաջնորդվել ենք նաև ուղևորների արձագանքներով և առաջարկություններով, ովքեր մատնանշել են այս կամ այն բարելավման անհրաժեշտությունը։ Ծրագրի շրջանակում ներդրումները նախատեսված են նաև ընթացիկ տարում»։
«Հարավկովկասյան երկաթուղի»