«Ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտուր կլինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարբեր առիթներով շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ընդգծելու համար, որ Հայաստանը դրական է գնահատում տեղի ունեցող գործընթացները։
Այս մասին վարչապետը նշել է այսօր լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ հայաստանյան իրականությունում հաճախ պարզ բանաձևերը չափազանց բարդացվում են՝ ուղեկցվելով աշխարհաքաղաքական վերլուծություններով։
«Ինչ-որ բան է տեղի ունեցել Հայաստանի հետ կապված, և Հայաստանը պետք է արտահայտի իր վերաբերմունքը։ Մենք արտահայտում ենք մեր վերաբերմունքը՝ նշելով, որ դրական ենք վերաբերվում»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետը թվարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում արձանագրված մի շարք դրական տեղաշարժեր։ Առաջինը, նրա խոսքով, Ղազախստանից և Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ցորենի ներկրման արգելքի վերացումն է։ Միաժամանակ արձանագրվել է, որ Հայաստանից հակառակ ուղղությամբ երկաթուղով բեռների տեղափոխման սահմանափակում նույնպես չկա։
«Այս պահին մենք չենք օգտվում այդ հնարավորությունից, որովհետև մեր մտածողության և գործունեության մասշտաբը դեռևս մի «ֆուռի» տրամաբանությամբ է աշխատում։ Չկա ընկալում, որ գնացքը պետք է բեռնել ամբողջությամբ, ապրանքը մեկ վայրում կոնսոլիդացնել, քանի որ գնացքը չի կարող դատարկ գնալ, իսկ այս ամենը բարդ գործընթաց է»,– նշել է նա։
Փաշինյանը հավելել է, որ շնորհակալության մեկ այլ պատճառ էլ այն է, որ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նավթամթերք վաճառել ՀՀ գործարարներին, և նավթն արդեն Հայաստան է հասել։
Վարչապետի խոսքով՝ այս իրողությունները պետք է արձանագրվեն նաև տարբեր միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԵԱՏՄ նիստերի ընթացքում, քանի որ Հայաստանը երկաթուղային կապ է ստացել ԵԱՏՄ-ի հետ, ինչը նախկինում չի եղել։ Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանը ևս կսկսի ապրանք արտահանել Ադրբեջան։