ՀԷՑ-ից հեռացված աշխատակիցները դիմել են դատարան
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանության պետի նախկին տեղակալ Անուբախ Համբարյանը ցանկանում է վերականգնել ՀԷՑ-ի պետի խորհրդականի իր պաշտոնը։ Նախկին տնօրեն Կարեն Հարությունյանի խորհրդականը աշխատանքից ազատվել է «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի՝ 31․07.2025 թվականի հրամանով։ Համբարյանը նաեւ պահանջում է ՀԷՑ-ից իր օգտին բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գոյացած միջին աշխատավարձը։
Բողոքն ընդունվել է վարույթ։
Նմանատիպ մի բողոք էլ ՀԷՑ գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանն է ներկայացրել դատարան։ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի դեմ այս ընթացքում ներկայացվել է 40-ից ավել բողոք։ Դրանք մակագրվել են տարբեր դատավորների։ Հայցադիմում ներկայացնողները պահանջում են անվավեր ճանաչել ՀԷՑ ժամանակավոր կառավարչի հրամանն ու վերականգնվել նախկին աշխատանքում։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից շաբաթներ անց Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ։