ԵՄ-ն կվերանայի Հայաստանի հետ ճանապարհային քարտեզը
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 2-ին Եվրոպական միություն-Հայաստանի Հանրապետություն 6-րդ գործընկերության խորհուրդը կգլխավորի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
ԵՄ պատվիրակությունը կգլխավորի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
ԵՄ կողմից նիստին կմասնակցի նաև ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։
Կողմերը նախ կվերանայեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնական ասպեկտները՝ կենտրոնանալով ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) և վերանայված ճանապարհային քարտեզի իրականացման վրա։
Այնուհետև նրանք կփոխանակեն կարծիքներ երկկողմ քաղաքական երկխոսության վերաբերյալ՝ ընդգրկելով բարեփոխումներ, ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և մարդու իրավունքներ։ Խորհուրդը կքննարկի նաև միգրացիայի, շարժունակության և վիզաների ազատականացման երկխոսության հարցերը։
Բացի այդ, ԵՄ-ն և Հայաստանը կքննարկեն տնտեսական, առևտրային և ոլորտային համագործակցությունը՝ անդրադառնալով Հայաստանի էներգետիկ ոլորտի բարեփոխումներին, վերականգնվող էներգիային, ինչպես նաև ներդրումներին տնտեսական զարգացման և ներառական կապակցվածության ոլորտներում։ Այս մասին հայտնում են ԵՄ-ից։ Վերջում կողմերը կանդրադառնան տարածաշրջանային և միջազգային զարգացումներին, ներառյալ Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացը, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը։