«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի և նրա փաստաբանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի պաշտպան Լիանա Գասպարյանը նշել է, որ Մխիթարյանին ներկայացված մեղադրանքը կառուցվել է բացառապես մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա։
«Մեր պաշտպանյալին ապօրինաբար են ձերբակալել, ապա կալանավորել և մոտ 1 ամիս պահել անազատության մեջ։ Ռուբեն Մխիթարյանի գործն առանձնակի էր, քանի որ նա իր մասնագիտական գործունեությունն էր իրականացնում։ Նման դատական ակտ, կալանքի միջնորդություն իմ պրակտիկայում չեմ ունեցել, երբ նշվում է անձին կալանքի տանելու հիմքերը, բայց չի նշվում, թե ինչին կարող է անձը խոչընդոտել կամ ինչից խուսափել։
Ի դեպ, Մխիթարյանի ձերբակալության արձանագրությունը կազմել է մի ոստիկան, իսկ հարցաքննվել մեկ այլ։ Նրան ներկայացված մեղադրանքը հիմնվել է ընդամենը 1 ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը, չակերտավոր արդարադատություն իրականացնող տվյալ դատավորը աչք է փակել այդ հանգամանքի վրա»,- նշել է Գասպարյանը։
Փաստաբանը շեշտել է՝ կալանքի միջնորդության քննման ժամանակ դատարանին համոզելով են նայել այն տեսանյութը, որտեղ հստակ երևում է՝ Մխիթարյանին վերագրվող հանցանքները չեն համապատասխանում իրականությանը։ Նա վստահեցրել է, որ Մխիթարյանի քայլերը եղել են կանխարգելող և հանդարտեցնող։
Ինքը՝ Ռուբեն Մխիթարյանը, անդրադառնալով իրադարձություններին, նշել է, որ հոկտեմբերի 20-ին եղել է Գյումրիում՝ իր մասնագիտական պարտականությունները կատարելու նպատակով, Գյումրիի քաղաքապետարանին մոտենալու և շենք մուտք գործելու համար ցույց է տվել իր փաստաբանի արտոնագիրը։
«Այսինքն՝ ոստիկանները քաջատեղյակ էին, որ ես փաստաբան եմ ու ինչ գործունեություն եմ իրականացնելու։ Տեսանյութերից մեկում երևում է, որ հանգիստ կանգնած եմ, այդ ժամանակ փոխքաղաքապետ Ալեքս Առաքելյանը հարցազրույց էր տալիս, ու նկատեցի, որ ինչ-որ ակտվիություն կա։ Տեսագրությունում երևում է, որ 1-2 րոպե հետո հայնտվել եմ կիզակետում՝ ձեռքերս բարձրացրած մտել եմ ոստիկանների և քաղաքացիների մեջտեղը։ Դա տևել է ընդամենը 15-20 վայրկյան»,– նշել է Մխիթարյանը։
Նա հավելել է, որ հենց այդ պահին իրեն բերման են ենթարկել, չնայած ինքը մի քանի անգամ ներկայացրել է, թե ով է և ինչ գործառույթ է իրականացնում։