A
A
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։
Այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։
«Հանդիպման ընթացքում կտրուկ բողոք է արտահայտվել այն փաստի կապակցությամբ, որ նոյեմբերի 14-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով «Իսկանդեր»-ի հրթիռներից մեկն ընկել է Ադրբեջանի դեսպանատան տարածքում։ Դրա կապակցությամբ դեսպանին նամակ է հանձնվել»,- գրել է գործակալությունը։
Նշվել է, որ առաջացած պայթյունն ամբողջությամբ ոչնչացրել է դեսպանատան ցանկապատի մի մասը, վնասել կառույցները, ծառայողական մեքենաները, վարչական շենքը և դեսպանատան հյուպատոսական բաժինը, ինչպես նաև զգալի վնաս է հասցրել դիվանագիտական ներկայացուցչության տարածքին:
Նշվել է, որ այս հարձակումը մարդկային զոհերի չի պատճառ դարձել:
Հիշեցվել է, որ նմանատիպ հրթիռային հարձակումները, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, տեղի են ունեցել նաև նախկինում։ Մասնավորապես, նշվել է, որ 2022 թվականի մարտի 10-ին ավիահարվածի հետևանքով Խարկովում գտնվող Ադրբեջանի պատվավոր հյուպատոսության շենքը լուրջ վնաս էր կրել, իսկ ծառայողական մեքենան շարքից դուրս էր եկել ու դարձել ոչ պիտանի օգտագործման համար։
Նշվել է նաև, որ 2024 թվականի հունվարի 2-ին «Կինժալ» հրթիռով ռուսական ավիահարվածի հետևանքով դեսպանատան վարչական շենքից մոտավորապես 35 քայլ հեռավորության վրա առաջացել էր մոտ 3 մետր տրամագծով հորան։
2025 թվականի օգոստոսի 28-ին Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքից մոտ 50 մետր հեռավորության վրա իրականացված ավիահարվածի հետևանքով վնասվել էին դեսպանատան վարչական շենքը և հյուպատոսական բաժինը, դեսպանի նստավայրը, ինչպես նաև լուրջ վնաս էր հասցվել դիվանագիտական ներկայացուցչության տարածքին։