Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը պատրաստ է պարտության, իսկ Հունգարիան՝ ոչ

Վաղը Երևանում տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական հանդիպում:

Ֆուտբոլի աշխարհի 2026թ առաջնության ընտրական փուլի Հայաստան – Հունգարիա խաղին ընդառաջ այսօր տեղի ունեցավ երկու հավաքականների գլխավոր մարզիչների մամուլի ասուլիսը:

Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ասաց, որ թիմը հոգեբանորեն պատրաստ է վաղվա հանդիպմանը, չնայած լուրջ կորուստներին:

«Նախորդ խաղերի համեմատ վաղը 4-5 ֆուտբոլիստներ չեն լինելու: Դա մեծ փորձություն կլինի իմ համար, բայց միաժամանակ հնարավորություն կտա ստուգելու հայտացուցակում եղած մյուս խաղացողներին: Առաջիկա հանդիպումները մեզ կօգնեն գտնել ճիշտ ուղղին: Չգիտեմ, կհաջողվի հաղթանակ տանել, բայց մենք հոգեբանորեն պատրաստ ենք և ոչ-ոքիի, և  պարտության: Ամենակարևորն այն է, որը թիմը պատրաստ է պայքարի», - ասել է մեր թիմի գլխավոր մարզիչը:

Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին հայտարարեց, որ վաղը պայքարելու են հաղթանակի համար, քանի որ աշխարհի առաջնության ընտրական փուլ է:

«Մենք լավ ուսումնասիրել ենք Հայաստանի հավաքականի տնային խաղերը: Նա մեկնարկում պարտվել է Պորտուգալիային, որը գիտենք ինչպիսի մակարդակի թիմ է: Երկրորդ խաղում Հայաստանը հաղթել է Իռլանդիային: Մենք չպետք է թերագնահատենք Հայաստանի հավաքականին, որը բարդ մրցակից է իր հարկի տակ: Կաշխատենք թույլ չտալ իռլանդացիների սխալները: Այստեղ ենք առանց մի շարք առաջատար ֆուտբոլիստների, սակայն մեր նպատակն է հաղթել և դուրս գալ խմբից», - ասել է իտալացի մասնագետը:

Աշխարհի առաջնության Հայաստան – Հունգարիա ընտրական խաղը կկայանա վաղը, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, տեղի ժամանակով 21:00-ին: