«Տաշիր Կապիտալ»-ն առաջարկում է իջեցնել հոսանքի գինը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴավիթ Ղազինյան․ ՀԷՑ-ում տեղի ունեցողը «բեսպրեդել» է․ փորձում են Սամվել Կարապետյանին սևացնել
ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը նոյեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ՀԷՑ-ի ներկայիս կառավարիչի հայտարարություններում բազմաթիվ անհամապատասխանություններ կան։
«Վերջին անհամապատասխանությունը Մասիսի ցանցում արևային էներգիայի ծախսը չգրանցելն էր, այսինքն՝ մարդկանցից իբրև թե գողանալը։ Այդտեղ կա երկու խնդիր՝ իրենք հաշվարկը սխալ են արել, գցել էին 800 քանի հազար կիլովատ, բայց իրականում եղել է ընդամենը 120։ Իրենք իրենց նամակում գրել էին, թե չենք կարող պարզել՝ դա եղել է մեր օրոք, թե իրենց օրոք։ Ես համոզված եմ, որ դա եղել է իրենց օրոք։ Մեր ժամանակ, եթե պարզվում էր, որ տեսուչը դա դիտավորությամբ է արել, նա ազատվում էր աշխատանքից։ Իմ տեղեկություններով՝ իրենց այդ աղմկահարույց բացահայտման դեպքում ոչ ոք չի ազատվել։ Թվում է՝ ցանցի պետ են ազատել, նաև տեղակալ, բայց ոչ այն մարդիկ, որոնք անմիջապես կապ են ունեցել դեպքի հետ։ Դա ինձ, որպես իրավաբանի, հիմք է տալիս ենթադրելու, որ իրենց ասածով է դա եղել, որի արդյունքում չեն կարող ազատել իրենց հանցագործ սխեման իրականացրած անձանց։ Նպատակը մեզ կեղտոտելն է։ Միշտ ասել եմ՝ իրենք ուզում են Սամվել Կարապետյանի բարերարի, լավ մարդու, իսկական հայի կերպարի հակապատկերը ստեղծել»,- ասաց Ղազինյանը։
Նա անդրադարձավ նաև էներգետիկ շուկայում տեղի ունեցած փոփոխություններին՝ ընդգծելով, որ դրանց արդյունքում համակարգից դուրս է եկել մոտ 30 միլիարդ դրամ։
«Գոյություն ունի էներգետիկական շուկա, որը ներմուծվել է այլ երկրների փորձով՝ տարբեր գրանտներով։ Դա ենթադրում է, որ ստեղծում են թրեյդերներ, և խոշոր սպառողները կիլովատը առնում են այդ թրեյդերներից, ոչ թե ՀԷՑ-ից։ 2023-25 թվականների ընթացքում 30 միլիարդ դրամ դուրս է եկել էներգետիկայի համակարգից։ Եթե չեն վճարում ՀԷՑ-ին, վճարում են թրեյդերին, որը հոսանքը գնում է ուղիղ ԳԷՍ-երից։ Եթե այդ գումարը դուրս չգար համակարգից, սակագինը կարող էր նվազել առնվազն 5 դրամով։ Այդ գումարով կարելի էր սոցիալապես ամենաանապահով խավի համար հոսանքը գրեթե անվճար դարձնել։ Գումարը ուղղակի վերցրել են համակարգից, անունը դրել են մոնոպոլիա։ Այս դեպքում մոնոպոլիան ավելի լավ էր, քան իրենց շուկան։ Ստացվում է՝ մեծ ծախս ունեցող բաժանորդները, հիմնականում հանրայինները, վճարում են էժան, իսկ բնակչության համար սակագինը չի իջնում, ինչը շատ սխալ է»,- նշեց նա։
Խոսելով ՀԷՑ-ի հնարավոր լիցենզիայից զրկման մասին՝ Ղազինյանը այն համեմատեց «ցմահ ազատազրկման» հետ։
«Լիցենզիայից զրկելը, եթե զուգահեռ տանենք Քրեական օրենսգրքի հետ, մոտավորապես նույնն է, ինչ անձին ցմահ ազատազրկելը։ Երբևէ ՀԷՑ-ում չի եղել այնպիսի արարք, որը ենթադրեր ոչ թե լիցենզիայից զրկում, այլ նույնիսկ դրան մոտ պատիժ։ Ժողովրդի հույզերի հետ են խաղում ընդամենը։ Բանն այն է, որ եթե ոչինչ չի փոխվել, ապա վիճակն էլ չի բարելավվել։ Մի քիչ անձրև է գալիս՝ նորից հոսանքազրկում է լինում։ Մարդիկ գրում են՝ «ուր է մեր լույսը»։ Դա էլ հո մենք չենք կազմակերպո՞ւմ։ Իսկ իրենց գործելաոճը ընդամենը բեսպրեդել է՝ անում են ինչ ուզում են, խոսում են ինչ ուզում են»,- ասաց նա։
Դավիթ Ղազինյանը հիշեցրեց, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչին և ՀԾԿ հանձնաժողովի նախագահին բաց հրավեր է ուղարկել բանավեճի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում։
«Ես էջը փակել եմ, իհարկե, բայց պնդում եմ՝ եթե իմ ասած թեմաների հետ կապված որևէ մեկը խնդիր ունի, մինչև վարույթը՝ խնդրեմ, պատրաստ եմ բանավեճի։ Ես միայնակ կառավարչի և հանձնաժողովի նախագահի դեմ, պարզ է՝ վարողն էլ ով է լինելու։ Դա կլինի երեքը՝ մեկի դեմ։ Դրան էլ եմ պատրաստ։ Գնդակը իրենց դաշտում է»,- եզրափակեց նա։