Ինչ փոփոխություններ են կատարվում եկամուտների հայտարարագրման համակարգում. ներկայացնում է Թունյանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹունյան․ Եկամուտների հայտարարագրման գործընթացը կպարզեցվի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացրել է հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների փաթեթը, որը վերաբերում է եկամուտների հայտարարագրման համակարգի կատարելագործմանը։ Պատգամավորի խոսքով՝ փոփոխությունների նպատակը գործընթացը պարզեցնելն է, քաղաքացիների համար այն դարձնել ավելի հարմար և նվազեցնել վարչական բեռը։ Նրա խոսքով՝ եթե քաղաքացին վստահ է, որ իր եկամուտները ճիշտ են արտացոլված ՊԵԿ-ի տվյալներում, այլևս հայտարարագիր լրացնելու անհրաժեշտություն չի ունենա։ Միաժամանակ, սոցիալական կրեդիտների համակարգից կկարողանան օգտվել միայն այն անձինք, ովքեր գոնե մեկ անգամ կմտնեն համակարգ և կհաստատեն իրենց հայտարարագիրը։ Թունյանը նշեց նաև, որ ՊԵԿ-ը քաղաքացիների համաձայնությամբ կկարողանա բանկերից ավտոմատ կերպով ստանալ որոշ տվյալներ՝ օրինակ՝ ավանդներից ստացված տոկոսների մասին։ Բացի այդ, ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումները և վարկերը հայտարարագրման պարտադիր դաշտ չեն լինի։ Նրա խոսքով՝ փոփոխությունները միտված են քաղաքացիներին խրախուսելու մասնակցել հայտարարագրման գործընթացին։