Ոտնահարվում են փաստաբանների իրավունքները. ասուլիս. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓաստաբանները միջազգային կառույցներին են փոխանցել Հայաստանի իրավական խախտումների մասին տվյալներ
Փաստաբանների պալատում այսօր կայացած մամուլի ասուլիսում փաստաբանները հայտարարեցին, որ Հայաստանում իրավական խախտումները վտանգավոր մակարդակի են հասել։ Նրանք տեղեկացրել են, որ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն են փոխանցել միջազգային կառույցներին և ակնկալում են շուտափույթ արձագանք։
Փաստաբան Արա Զոհրաբյանը նշեց, որ նման մասշտաբի խախտումներ Հայաստանում նախկինում չեն եղել։
«2001 թվականից փաստաբան եմ և տարբեր իշխանությունների օրոք ներկայացրել եմ քաղաքացիների շահերը։ Նախկինում էլ եղել են խնդիրներ, բայց այդ ժամանակ իշխանությունը գոնե վախենում էր հանրային բացահայտումներից։ Այսօր, ցավոք, իշխանությունները չեն վախենում ոչ մեկից և չեն էլ ամաչում»,– ասաց Զոհրաբյանը։
Նա անդրադարձավ նաև Արագածոտնի թեմում տեղի ունեցած ձերբակալություններին՝ ընդգծելով, որ թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Տեր Գարեգին Արսենյանի կալանավորումների ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ իրավական խախտումներ։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հավելեց, որ թիմը շարունակական կապի մեջ է միջազգային գործընկերների հետ։
«Մենք արդեն իրազեկել ենք մի շարք միջազգային կառույցների, և հույս ունենք, որ արձագանքը չի ուշանա»,– ասաց նա։
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը նշեց, որ վերջին շրջանում նկատվում է փաստաբանների աշխատանքի նկատմամբ համակարգային ճնշում։
«Այսօր փաստաբանների դեմ իրականացվող գործողությունները ուղիղ հարված են արդար դատավարության սկզբունքներին։ Հայաստանը վավերացրել է մի շարք միջազգային փաստաթղթեր, սակայն դրանց պահանջները խախտվում են։ Ապշած եմ միջազգային կառույցների լռությունից»,– ընդգծեց Բաբայանը։