A
A
Ընդդիմադիր կին պատգամավորները հայտարարություն են տարածել
Աջակցիր «Ա1+»-ինԸնդդիմադիր կին պատգամավորների հայտարարությունը.
Անթույլատրելի ենք համարում և խստորեն դատապարտում ենք իշխող ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 8-ին ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած հայտարարությունները:
Արձանագրենք, որ իրավիճակը սկիզբ է առել, երբ Արթուր Հովհաննսիյանը փորձել է խոչընդոտել Թագուհի Թովմասյանի ճեպազրույցը, երբ վերջինս հայտարարել է, թե Փաշինյանը բավարար ջանք չի գործարում Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ:
Սա ոչ միայն ԱԺ-ում տիրող անհանդուրժողական մթնոլորտի հերթական դրսևորումն է, այլև սեռով պայմանավորված խտրականության դրսևորում և ուղղակի հարձակում կանանց քաղաքական մասնակցության դեմ։
Այս իրավիճակը պետք է արժանանա ոչ միայն ներքաղաքական, այլև միջազգային իրավապաշտպան ու կանանց իրավունքներով զբաղվող կառույցների միանշանակ գնահատականին։
Ակնհայտ է, որ մասնագիտական գործունեություն իրականացնող կանանց պարբերաբար թիրախավորելը վերածվել է իշխող ուժի ներկայացուցիչների կրկնվող արատավոր գործելաոճի։
Փաստ է նաև, որ իշխող ուժի ներկայացուցիչները հետևողականորեն իրականացնում են քաղաքական դիսկուրսը նսեմացնելու և արժեզրկելու քաղաքականություն՝ այն վերածելով վիրավորանքների ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտությունների շարանի։ Սա վտանգում է հանրային բանավեճի առողջությունը և ժողովրդավարության հիմքերը, ուստի պետք է արժանանա հանրային կտրուկ և միանշանակ արձագանքի։
Հատկանշական է, որ Արթուր Հովհաննիսյանը մշտապես աչքի է ընկնում բարոյական նվազագույն նորմերին հակասող վարքագծով․ նա հայտնի է բռնության հրապարակային կոչերով և ընդդիմադիր գործիչների հասցեին զրպարտություններով, որոնց համար դատարանի վճիռներով պարտավորվել է ներողություն խնդրել։
Անընդունելի համարելով Ազգային ժողովի բարձր պաշտոն զբաղեցնող անձի կողմից հանրային հարթակում նման կնոջը թիրախավորող և նվաստացնող բառապաշարի կիրառումը՝ մենք պահանջում ենք․
ա. Արթուր Հովհաննիսյանի կողմից հրապարակային ներողություն՝ իր հայտարարությունների համար,
բ. Ազգային ժողովի ղեկավարության հստակ, հասցեական և հրապարակային դատապարտում, ինչպես նաև Ա. Հովհաննիսյանի վարքը քննող Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում։
Ագնեսա Խամոյան /
Աննա Գրիգորյան
Աննա Մկրտչյան
Ասպրամ Կրպեյան
Արեգնազ Մանուկյան
Արմինե Խերանյան
Արմենուհի Կյուրեղյան
Արփինե Վարդանյան
Զեմֆիրա Միրզոևա
Էլինար Վարդանյան
Իրինա Գասպարյան
Լիլիթ Գալստյան
Քրիստինե Վարդանյան