Ընդդիմությունը հին ու տափակ տեքստերով է եկել, պա՞րզ է չէ, թե ինչպես են անցկացրել արձակուրդը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԸնդդիմությունը կատարյալ բանկրոտի մեջ է հատկապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած կարևորագույն պատմական իրադարձություններից հետո: Ընդդիմությունը նորից պետք է փորձի երգել հին երգերը: Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 8-ի նիստի մեկնարկին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Գեղամ Մանուկյանի ելույթներին, որոնք անդրադարձան ընդդիմադիրներին առնչվող քրեական գործերին՝ դրանք ներկայացնելով որպես քաղաքական հետապնդումներ:
«Այն մարդիկ, ում մասին խոսում էին մեր գործընկերները, մեղադրվում են ահաբեկչություն կազմակերպելու համար: Մեղադրվում են զինված հեղաշրջման հրապարակային կոչերում, մեղադրվում են Հայաստանում սահմանադրական կարգի տապալման, ավտոբուսներ այրելու, քաոս ստեղծելու, քաղաքացիների կյանքին վտանգ սպառնալու համար, և ահա, ընդդիմությունն այս մարդկանց մասին էր խոսում հերթական անգամ իր հին և տափակ տեքստերի արտաբերմամբ:
Ուղղակի մի պահ պատկերացրեք, սիրելի՛ հայրենակիցներ, թե ինչ կլիներ, եթե հանկարծ այդ ահաբեկչության փորձը հաջողվեր: Ի՞նչ կլիներ: Առնվազն չէր լինի օգոստոսի 8-ը, առնվազն չէր նախաստորագրվի խաղաղության պայմանագիրը, առնվազն չէր ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագիրը, համաձայն որի՝ ճանապարհները շրջափակվելու են 5 սկզբունքների հիման վրա՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, փոխադարձություն և սահմանների անխախտելիություն:
Այսօր ՀՀ-ում և տարածաշրջանում խաղաղություն է: Խաղաղությունը առավել քան իրական է: Չէր լինի այս ամենը: Ակնհայտ է, որ այս ահաբեկչության փորձն այն բանի համար էր, որ խաղաղության օրակարգը տապալվեր, որ Հայաստանում տեղի ունենար զինված հեղաշրջում, որ Հայաստանը դառնար մարիոնետական պետություն, ընդդիմությունից որևէ մեկն էլ դառնար այդ մարիոնետը: Ամբողջ պայքարը դրա մասին էր, և այդ պայքարը ձախողվել է:
Այնպես, որ կեցցե՛ ՀՀ-ն և կեցցե՛ խաղաղությունը»,- ասաց նա: