Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պուտին և Թրամփ։Ինչի շուրջ համաձայնություն ձեռք բերվեց։Հանդիպման արդյունքները. մամուլի ասուլիս․ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքներով անցկացրել է համատեղ մամուլի ասուլիս։

Վ. Պուտին․ Հարգելի պարոն Նախագահ, տիկնայք և պարոնայք, մեր բանակցությունները անցան կառուցողական և փոխադարձ հարգանքի մթնոլորտում, եղել են հանգամանալից և օգտակար։

Կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամերիկացի գործընկերոջս՝ Ալյասկա գալու առաջարկի համար։ Տրամաբանական էր հանդիպել հենց այստեղ, քանի որ, թեև մեզ բաժանում են օվկիանոսներ, իրականում մենք հարևաններ ենք՝ Բերինգի նեղուցում մեր կղզիները բաժանում է ընդամենը 4 կիլոմետր։

Ալյասկայի հետ կապված է մեր ընդհանուր պատմության մի կարևոր հատված․ այստեղ պահպանվել է ռուսական մշակութային ժառանգություն՝ եկեղեցիներ, ավելի քան 700 աշխարհագրական անուններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այստեղից սկսվում էր լենդ-լիզով ռազմական ինքնաթիռների և տեխնիկայի մատակարարման վտանգավոր օդային երթուղին, որտեղ երկու երկրների օդաչուները և մասնագետները կյանքի գնով էին մոտեցնում հաղթանակը։

Վերջերս Մագադանում տեսա ռուս և ամերիկացի օդաչուներին նվիրված հուշարձանը, նույնպիսի հուշարձան կա նաև այստեղ, որտեղ ամփոփված են այդ առաքելության ընթացքում զոհված խորհրդային օդաչուներ։ Մենք երախտապարտ ենք ամերիկյան իշխանություններին և քաղաքացիներին նրանց հիշատակը պահպանելու համար։

Միշտ կհիշենք պատմության այն դրվագները, երբ մեր երկրները միասին հաղթել են ընդհանուր թշնամիներին և օգնել միմյանց։ Համոզված եմ՝ այս ժառանգությունը կօգնի մեզ նոր փուլում կառուցել փոխշահավետ և հավասար հարաբերություններ նույնիսկ ամենաբարդ պայմաններում։

Վ. Պուտին․ Ինչպես հայտնի է, ռուս-ամերիկյան գագաթնաժողովներ չկային ավելի քան չորս տարի, ինչը երկար ժամանակահատված է։ Այդ ընթացքում երկկողմ հարաբերությունները հասան Սառը պատերազմի ժամանակներից ի վեր ամենացածր մակարդակին, ինչը ոչ մեր երկրներին, ոչ էլ աշխարհին չի բերում օգուտ։

Ակնհայտ էր, որ ուշ թե շուտ պետք է անցնել կոնֆրոնտացիայից երկխոսության, և այս հանդիպումը, երկար և մանրակրկիտ պատրաստությունից հետո, հասունացել էր։ Նախագահ Թրամփի հետ ունենք լավ, ուղղակի կապ․ բազմիցս խոսել ենք հեռախոսով, այցելել է նրա հատուկ ներկայացուցիչը, ակտիվ կապ են պահել մեր արտաքին գործերի ղեկավարները։

Հիմնական թեմաներից մեկն Ուկրաինայի շուրջ իրավիճակն էր։ Մենք տեսնում ենք ԱՄՆ վարչակազմի և անձամբ Նախագահ Թրամփի պատրաստակամությունը նպաստել հակամարտության կարգավորմանը, հասկանալ դրա պատճառները։ Ռուսաստանի համար տեղի ունեցողը կապված է ազգային անվտանգության հիմնարար սպառնալիքների հետ, իսկ ուկրաինացիներին մենք համարում ենք եղբայր ժողովուրդ։ Ուստի անկեղծորեն ցանկանում ենք վերջ տալ այս ողբերգությանը, սակայն դա հնարավոր է միայն՝ վերացնելով ճգնաժամի բոլոր հիմնական պատճառները և ապահովելով անվտանգության արդար հավասարակշռություն։

Համաձայն եմ Նախագահ Թրամփի հետ, որ պետք է ապահովվի նաև Ուկրաինայի անվտանգությունը, և մենք պատրաստ ենք աշխատել այդ ուղղությամբ։ Հույս ունեմ, որ մեր ձեռք բերած փոխըմբռնումը կհանգեցնի խաղաղությանը և որ Կիևում ու եվրոպական մայրաքաղաքներում դա կընդունեն կառուցողականորեն։

Նշեմ, որ նոր ԱՄՆ վարչակազմի գալուց հետո երկկողմ առևտուրը աճել է 20 տոկոսով։ Սա սիմվոլիկ է, բայց դրական միտում է։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մեծ պոտենցիալ ունեն համատեղ աշխատանքի՝ առևտրում, էներգետիկայում, թվային տեխնոլոգիաներում, բարձր տեխնոլոգիաներում, տիեզերքի ուսումնասիրությունում, ինչպես նաև Արկտիկայում և տարածաշրջանային կապերում։

Մեզ համար կարևոր է թերթել էջը և վերադառնալ համագործակցությանը։ Սիմվոլիկ է, որ մեր սահմանին անցնում է ժամանակային գծի սահմանը, որտեղ կարելի է «քայլ անել» երեկվանից վաղը, և հուսով եմ, որ դա կստացվի նաև քաղաքական ոլորտում։

Շնորհակալ եմ պարոն Թրամփին համագործակցության և վստահելի, բարեկամական երկխոսության համար։ Հավատում եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կարող են դառնալ ոչ միայն Ուկրաինայի խնդրի լուծման, այլև գործնական և փոխշահավետ ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման մեկնակետ։

Ավարտին ուզում եմ հիշեցնել, որ 2022-ին նախորդ վարչակազմին զգուշացրել էի՝ չտանել իրավիճակը ռազմական բախման, ասելով, որ դա մեծ սխալ կլինի։ Այսօր լսում եմ Նախագահ Թրամփի խոսքերը, թե՝ «Եթե ես նախագահ լինեի, պատերազմ չէր լինի»։ Կարծում եմ, դա հենց այդպես էլ կլիներ, քանի որ նրա հետ ձևավորվել է լավ, գործնական և վստահելի շփում, ինչը հիմք է տալիս հավատալ՝ շարժվելով այս ուղով, կարող ենք արագ ավարտին հասցնել ուկրաինական հակամարտությունը։

Շնորհակալություն ուշադրության համար։