Ոստիկանությունը երբեմն անձանց ձերբակալել է որպես պատիժ, կան փաստեր կտտանքների մասին. Պետդեպի զեկույց
Աջակցիր «Ա1+»-ինԱզատություն ռ/կ․ ամբողջական հոդվածն այստեղ
Թեև Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքը արգելում են կամայական ձերբակալությունն ու յուրաքանչյուր քաղաքացու իրավունք տալիս դատարանում վիճարկել ազատազրկման օրինականությունը, Հայաստանի կառավարությունը միշտ չէ, որ պահպանել է օրենքի այդ դրույթները, պնդում է ԱՄՆ պետդեպարտամենտի Մարդու իրավունքների պաշտպանության զեկույցը։
Ամփոփելով 2024-ի զարգացումները՝ Պետդեպն արձանագրել է՝ ըստ իրավապաշտանների՝ ոստիկանությունը երբեմն անձանց ձերբակալել է որպես պատիժ առանց պաշտոնական մեղադրանքների: Փաստաբանները նաև նշել են, որ միևնույն հանգամանքներում ձերբակալված անձանց նկատմամբ դատարանները հաճախ միմյանցից տարբերվող որոշումներ են կայացրել։ Զեկույցը նշում է, որ կան հավաստի հաղորդումներ նաև պետական պաշտոնյաների կողմից իրականացվող կտտանքների ու խոշտանգումների վերաբերյալ։
Այս շարքում Պետեպը մեջբերել է տեղական իրավապաշտպան կազմակերպությունների ահազանգը, թե իրավապահները խոշտանգել կամ բռնության են ենթարկել կալանքի տակ գտնվող անձանց՝ մնալով անպատիժ:
«Պաշտոնյաները հաճախ այդ դեպքերը հետաքննել են իշխանության չարաշահման մեղադրանքով, ինչը հանգեցրել է ավելի մեղմ պատիժների», - արձանագրում է զկույցը, հիշեցնելով՝ անցած տարվա հուլիսի 25-ին Վճռաբեկ դատարանը որոշեց, որ քննչական մարմիններն արդյունավետ կերպով չեն հետաքննել խոշտանգումների մեղադրանքները, առաջին ատյանի դատարաններն էլ պատշաճ կերպով հաշվի չեն առել հետաքննության բացակայությունը:
Պետդեպի զեկույցն այս շարքում առանձնացնում է երկու դեպք։ Մեկը վերաբերում է 2022-ի բողոքի ցույցերի մասնակիցներից մեկին, ով ահազանգել էր, թե իրեն բռնի ձերբակալել ու բռնության են ենթարկել, սակայն դատախազությունը մերժել էր քննություն իրականացնել՝ ստիպելով տուժողին դիմել դատարան։
«Դատավոր Մասիս Մելքոնյանը որոշեց, որ քննչական մարմինը արդյունավետ քննություն չի անցկացրել ոստիկանության կողմից խոշտանգումների մեղադրանքների վերաբերյալ և խախտել է տուժողի իրավուքները»,- փաստում է Պետդեպը, հավելելով՝ ըստ իրավապաշտպանների՝ ոստիկանական բռնությունների համար մեղավոր անձնինք հաճախ մնացել են իրենց պաշտոններում, որոշ դեպքերում պաշտոնի բարձրացում ստացել։
Մյուսը ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի դեպքն է, ում անհայտ անձինք բռնության էին ենթարկել, երբ նա գտնվում էր ոստիկանների հսկողության ներքո։