Reuters. «Հայաստանով անցնող ճանապարհի զարգացման բացառիկ իրավունքը տրամադրվելու է ԱՄՆ-ին» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավիրած հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ կավարտվի խաղաղության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, որով ԱՄՆ-ն բացառիկ իրավունքներ կստանա Հարավային Կովկասով ռազմավարական տարանցիկ միջանցքի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրում է Ազատությունը։
ԱՄՆ պաշտոնյաները, անանուն մնալու պայմանով, Reuters-ին ասել են, որ այդ շրջանակային համաձայնագիրը հնարավորություն կտա հասնել «խաղաղության կոնկրետ ուղու», ինչպես նաև լուծել տևական ժամանակ քննարկվող տարանցիկ ճանապարհի հարցը։
«Ադրբեջանը խնդրել է տրանսպորտային միջանցք՝ Հայաստանի տարածքով Նախիջևանին կապվելու համար», - ասել են ամերիկացի պաշտոնյաները։
Reuters-ը մանրամասնում է՝ առաջնորդների կողմից ուրբաթ օրը ստորագրվելիք փաստաթղթի մանրամասն բանակցված բաժնում Հայաստանը ծրագրում է Միացյալ Նահանգներին տալ տարանցման միջանցքի զարգացման բացառիկ իրավունքները՝ երկար ժամանակահատվածով։ Թե կոնկրետ քանի տարով՝ չի հստակեցվում, նշվում է միայն, որ այն կոչվելու է «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։ Այն հայտնի կլինի TRIPP հապավումով, ասել են պաշտոնյաները։
Առաջիկա բանակցությունների վերաբերյալ բացառիկ մանրամասներ է հրապարակել նաև Վաշինգտոնում աշխատող արդբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, ով առաջինն էր հաղորդել վաղը Սպիտակ տանը կայանալիք հանդիպման լուրը։
Kyivpost-ում հրապարակած հոդվածում Ռաուֆօղլուն պնդում է, որ ամիսներ տևած լարված, կուլիսային բանակցությունների ավարտին կազմակերպվող այս գագաթնաժողովը «վերաձևավորելու է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտը՝ ԱՄՆ-ին դարձնելով կենտրոնական խաղացող տարածաշրջանում, որը տևական ժամանակ գտնվում էր Ռուսաստանի և Իրանի գերիշխանության տակ»։
Ըստ այս աղբյուրի, վաղը Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը կստորագրեն մի քանի կարևորագույն փաստաթղթեր՝ նախագահ Թրամփի ներկայությամբ, այդ թվում՝
- Համատեղ հռչակագիր, որը կձևակերպի «խաղաղության կոնկրետ ուղին» և հարաբերությունների լիակատար կարգավորումը;
- Խաղաղության համաձայնագրի նախաստորագրում. Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրելու են մարտին համաձայնեցված տեքստը;
- Մինսկի խմբից դուրս գալու համատեղ նամակ;
- Նոր, երկկողմ հուշագրեր, որոնցով ԱՄՆ-ը նոր թափ կհաղորդի Հայաստանի ու Ադրբեջանի հետ իր հարաբերություններին։
Ադրբեջանցի լրագրողի աղբյուրները ևս հաստատել են, որ գործարքի առանցքում Սյունիքով անցնող ճանապարհն է։ «Այս նորարությունը նախատեսված է կողմերի միջև ամենավիճահարույց խնդիրը՝ հաղորդակցության ուղիների հարցը լուծելու համար», - ասել են Սպիտակ տան պաշտոնյաները: Հաղորդումներում, սակայն, չի հստակեցվում՝արդյոք այս գործարքով կբացվեն տարածաշրջանի բոլոր ճանապարհները։
Reuters-ը նշում է, որ Ադրբեջանը նախիջևանին կապող այս ճանապարհը գործարկվելու է Հայաստանի օրենսդրության համաձայն: «Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալության կհանձնի կոնսորցիումի՝ ենթառուցվածքների ու կառավարման համար»։ Թե ինչ կոնսորցիումի մասին է խոսքը, չի հստակեցվում։
Kyivpost-ի հոդվածագիրը ևս, հղում անելով իր աղբյուրներին, նշում է՝ TRIPP-ը Հայաստանի տարածքով Ադրբեջանին անարգել մուտք կտա դեպի Նախիջևան, միաժամանակ հավելում, թե ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ այդ ճանապարհը կապահովի «Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և օրենսդրությունը»։
Ըստ Kyivpost-ի՝ համաձայնագրերը կարող են շարունակվել ավելի քան 50 տարի, և կոնկրետ ժամկետները հստակեցնելու շուրջ այժմ դեռ բանակցություններ են ընթանում։
Թե՛ Reuters-ը, թե' Kyivpost-ը ընդգծում են, որ TRIPP-ը տնտեսական ու առևտրային նախաձեռնություն է։ «Ամերիկան չի տալիս կոշտ անվտանգային երաշխիք և չի տեղակայում ուժեր ճանապարհին։ ԱՄՆ-ը կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու «անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար»՝ «բարձրակարգ օպերատորների» հետ համաձայնագրերի միջոցով», - պնդում է Kyivpost-ի հոդվածագիրը։