A
A
Արմեն Աշոտյանը ասուլիս է տալիս․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ միջնորդությամբ` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը կարող է պրոբլեմատիկ լինել Հայաստանի արտաքին և անվտանգային միջավայրերի համար։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Ավելի վաղ Վաշինգտոնում Կովկասի հարցերով լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն X սոցցանցում հղում անելով բազմաթիվ աղբյուրների` հայտնել էր, որ Բաքուն և Երևանը պատրաստ են արդեն այս շաբաթ Վաշինգտոնում հայտարարել խաղաղության համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին։ Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Սպիտակ տանն ընդունել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Այսօր արդեն միջազգային մամուլը գրեց, թե Հայաստանն ու Ադրբեջանը ուրբաթ Վաշինգտոնում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն՝ պարտավորվելով ձգտել խաղաղության։
Արմեն Աշոտյանը շեշտում է` ԱՄՆ–ի միջնորդության արդյունքը մեկ անգամ չէ, որ տեսել ենք, և օրինակ է բերում 2020 թ.–ի հոկտեմբերի 26-ը, երբ 44 օրյա պատերազմի ընթացքում ԱՄՆ–ն փորձեց միջնորդ լինել հրադադար հաստատելու համար։
«Հիշեցնեմ` Թրամփի ադմինիստրացիայի օրոք էր դա, ինչքա՞ն տևեց այդ հրադադարը։ Մի քանի ժամ։ Մենք անցել ենք դրա միջով, մենք գիտենք, որ այդպիսի թղթերը ոչ թե լուծում են իրավիճակը հողի վրա, այլ էլ ավելի են լարում այն իրավիճակը, որ ստեղծվել է»,– ասաց Արմեն Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը կարծում է, որ ԱՄՆ նախագահն իր գործողություններով պարզապես բոնուսներ է հավաքում Նոբելյան մրցանակի համար։
«Ինչպես կոմպյուտերային խաղերում է լինում` Սուպեր Մարիոյի նման սնկեր է ուտում։ Հայ– ադրբեջանական կոնֆլիկտի, թեկուզև իր ձևով` «թրամփավարի» հանգուցալուծումը կարող է լինել քաղաքական բոնուս այդ նոբելյան կրեդիտ քարտի վրա»,– հավելեց նա։