Բաքուն ոչնչացրել է Ստեփանակերտի Հովհաննես Այվազովսկու հուշարձանը
Աջակցիր «Ա1+»-ինԲաքուն ոչնչացրել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղադրված հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը։ Այս մասին հայտնում է Արցախի Զբոսաշրջության եւ մշակույթի զարգացման գործակալությունը։
«Այսօր հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու ծննդյան օրն է։ Այս օրը ցավով արձանագրում ենք, որ 2021 թվականին Ստեփանակերտում տեղադրված Այվազովսկու հուշարձանը ոչնչացվել է ադրբեջանական օկուպացիոն վարչակազմի կողմից, այն բանից հետո, երբ 2023 թվականին Արցախի ողջ բնակչությունը բռնությամբ տեղահանվեց հայրենիքից»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ հուշարձանի հեղինակը ռուսաստանցի քանդակագործ Սալավատ Շչերբակովը։ Այն նվիրված էր ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող հայ նկարչին, այլև Արցախը հայկական և համազգային մշակութային ժառանգությանը միացնող կապերին։
«Հուշարձանի ոչնչացումը հանդիսանում է Արցախում հայկական մշակութային ներկայության համակարգված վերացման հերթական վկայությունը։ Մենք շարունակում ենք փաստել, արձանագրել և հանրայնացնել մշակութային արժեքների ոչնչացման փաստերը՝ համոզված լինելով, որ դրանք չեն մոռացվելու, և միջազգային հանրությունը կձեւակերպի արժանի գնահատական։ Մենք հիշում ենք։ Մենք արձանագրել ենք։ Մենք վերադառնալու ենք»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Զատուլին․ Այվազովսկու արձանի քանդումը պետական վանդալիզմ է
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Ստեփանակերտում Հովհաննես Այվազովսկու արձանի ապամոնտաժումը որակել է որպես պետական վանդալիզմ։ Նա նշել է, որ մեծ ծովանկարչի արձանի քանդումը «բարբարոսական ակտ է և ակնհայտ հիմարություն», ընդգծելով, որ Ադրբեջանում շարունակաբար ոչնչացվում են Արցախի հայկական մշակութային հետքերը՝ խաչքարերից մինչև վանքեր։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը քաղաքական արդարացումներ տալ՝ հղում անելով տարածաշրջանային կոնֆլիկտներին։