Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Տնտեսություն

Բոլոր փաստաթղթերը ձեռքիս՝ ներկայացել եմ ՀԷՑ՝ ստանձնելու իմ լիազորությունները․ Ռոմանոս Պետրոսյան (տեսանյութ)

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է, որ իր լիազորություններն իրականացնելու է օրենքով վերապահված լիազորությունների, իրավասությունների շրջանակներում՝ հանուն Հայաստանի և նրա քաղաքացիների։
 
Այս մասին Պետրոսյանը նշել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
 
Նրա խոսքով՝ իր լիազորությունները սահմանված են մի շարք օրենքներով, այդ թվում՝ ոլորտը կարգավորող մարմնի մասին օրենքով, «Էներգետիկայի մասին» օրենքով, ինչպես նաև «ՓԲԸ-ների մասին» օրենքով։
 
«Ես՝ որպես ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ, իմ լիազորություններն իրականացնելու եմ օրենքով վերապահված լիազորությունների, իրավասությունների շրջանակներում՝ հանուն Հայաստանի և նրա քաղաքացիների», — ասել է Պետրոսյանը։
 
Անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, թե ո՞րն է աշխատանքի ուշ ժամանելու պատճառը, Պետրոսյանը պարզաբանել է, որ այն պայմանավորված է Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում փաստաթղթերի գրանցման գործընթացով։
 
«Ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին ՀԾԿՀ նախագահի որոշումն ուժի մեջ է մտել ուրբաթ օրը՝ որոշման մասին ծանուցման պահից։ Սակայն իմ լիազորությունները լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ էր նաև այդ որոշումից բխող լիազորությունները գրանցել Պետական ռեգիստրի գործակալությունում, ինչն այս առավոտ արդեն տեղի է ունեցել։ Բոլոր փաստաթղթերը ձեռքիս ես ներկայացել եմ ՀԷՑ՝ ստանձնելու իմ լիազորությունները», — նշել է Պետրոսյանը։