«Ինեկոբանկը քո կողքին». ավելի քան մեկ միլիարդ դրամ՝ կրթական ուղղությանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻնեկոբանկն ընդլայնում է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնության շրջանակում իրականացվող կրթական ծրագիրը։
«Ինեկոբանկը քո կողքին» Նախաձեռնության կրթական ուղղության՝ «ԻնեկոԿամպուս» ծրագրի համար այս տարի հատկացվելու է ավելի քան մեկ միլիարդ դրամ՝ նոր, ավելի լայն հնարավորություններ ստեղծելով ինչպես ուսանողների այնպես էլ գործող մասնագետների համար։
Նախաձեռնությունը մեկնարկել էր 2023 թվականին՝ առավել բազմազան ուղղություններ ընդգրկելու և երկարաժամկետ դառնալու տեսլականով։
Ինեկոբանկի տաղանդների ներգրավման և վերապատրաստման ծառայության ղեկավար Հեղինե Միքայելյանն ասում է՝ Ինեկոկամպուսը 5 հիմնական ուղղություն ունի, որոնցից 3-ը այս տարի առաջին անգամ են մեկնարկում։
«150 ուսանողի կրթաթշակի տրամադրում, 15 ուսանողի ուսման վճարի փոխհատուցում, 20 ուսանողի արտերկրում կարճաժամկետ ուսուցման հնարավորություն։ Այս տարի մեկ խոշոր կոմպոնենտ ունենք, որը հնարավորություն է տալիս 30 տարբեր ուղղվածության մասնագետների ուսանել աշխարհի թոփ 50 բուհերում՝ ամբողջությամբ ֆինանսավորվելով ինեկոբանկի միջոցներով։ Կարեւորներից մեկն էլ մեր աշխատակիցների երեխաների ուսման վճարի փոխհատուցումն է»,- նշում է նա։
Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանն ասում է՝ որոշել են կենտրոնանալ կրթության ֆինանսավորման վրա, քանի որ դա երկարաժամկետ արդյունք ունի։
«Կրթության ֆինանսավորման միջոցով մենք ուզում ենք հասնել անհատ քաղաքացիների, անհատ շահառուների կրթության որակի բարձրացմանը, որակյալ մասնագետների ավելացմանը, որը կբերի ՀՀ տնտեսության եւ զարգացման տարբեր ոլորտներում էական աճի»։
Նրա խոսքով՝ սա է պատճառը, որ որոշել են միջոցները ծախսել կրթության ֆինանսավորման վրա։
Կրթության ֆինասավորումն իր մեջ ներառում է կրթաթոշակներ, վարձավճարի փոխհատուցում, արտասահմանում կարճաժամկետ ուսուցում, ինչպես նաեւ մագիստրոսական ծրագրեր արտերկրի հայտնի համալսարաններում։
Ծրագրին մասնակցելու համար, ասում է Հայկ Ոսկանյանը, մի կարեւոր պայման կա։
«Այն մարդիկ, ովքեր կստանան ֆինանսավորում եւ ուսուցումը կշարունակեն արտասահմանում, պարտադիր վերադառնան եւ իրենց ամբողջական ռեսուրսը, կրթության արդյունքները ներդնեն ՀՀ զարգացման համար»։
Նախորդ երկու տարիների համեմատ՝ այս տարի ընդլայնվում է նաեւ բուհերի ցանկը՝ ծրագրից օգտվելու հնարավորություն կստանան 14 բուհերի ուսանողներ։
ԵՊՀ զարգացման եւ նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը վստահ է՝ ծրագիրը ոչ միայն կարեւոր է առանձին վերցված բուհի կամ Ինեկոբանկի համար, այն կարեւոր է մեր տնտեսության ու մեր հասարակության համար։
«Իմ կարծիքով, այն ուսանողները, որոնք այս ծրագրով մասնակցեցին, բացառիկ փորձառություն ստացան, որովհետեւ կարողացան պրակտիկ մակարդակում բարձրացնել իրենց հմտությունները, կարողացան ուսումնառության ընթացքում տեսնել իրենց կարիերայի հեռանկարները եւ կարողացան շատ սահուն կերպով ուսումից դեպի աշխատանք անցնել»։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանի խոսքով այս ծրագիրը հրաշալի հնարավորություն է, քանի որ արվեստագետի համար հատկապես դրսում սովորելն անհրաժեշտություն է։
«Կան շատ ծրագրեր, որոնք ուղղված են արտաքին էֆեկտ ստեղծելու վրա, և շատ հազվադեպ են ծրագրերը, որոնք ուղղված են բազային արժեք ստեղծելու վրա։ Սա հենց այդ բազային արժեք ստեղծող ծրագրերից մեկն է»,- ասում է նա։
Ծրագրի նախկին շահառուներից ոմանք հնարավորություն են ստացել աշխատանքի անցնելու Ինեկոբանկում։ «Ինեկոբանկը քո կողքին» ծրագրի 2024 թվականի հաղթող Գայանե Հարությունյանը կարեւորում է նմանատապիտ ծրագրերի առկայությունը Հայաստանում։
«Ֆինանսապես մեծ աջակցություն է հասցվում ուսանողներին ու թեթեւացվում է ֆինանսական բեռը կրթության հետ կապված, ինչպես նաեւ տրվում է հնարավորություն աշխատելու այնպիսի ընկերություններում, որոնք առաջատար են»։
Իռեն Գալստյանը եւս նախորդ տարի մասնակցել է «Ինեկոբանկը քո կողքին» ծրագրին ու հաղթել։ Հնարավորություն է ստացել մասնագիտական պրակտիկա անցնել Ֆրանսիայի Նիս քաղաքում։
«Խորհուրդ եմ տալիս բոլորին առանց երկմտելու դիմել ծրագրին»,- ասում է նա։
Ինեկոկամպուս ծրագրի դիմում հայտերն ընդունվելու են հունիսից։ Արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: