Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capվ վվture
A A
Սպորտ

Երևանում ավարտվեց պատանի թենիսիստների միջազգային մրցաշարը. անորոշություն «Արարատ» ակումբի ապագայի շուրջ (տեսանյութ)

Թենիսի «Արարատ» ակումբի կորտերում այսօր ավարտվեց Tennis Europe Juniors Tour U12 Roza Prudkova Cup միջազգային վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում էին պատանիներ ու աղջիկներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Հունաստանից, Թունիսից և Ղազախստանից։

Մրցաշարի կազմակերպիչ, «Արարատ» ակումբի տնօրեն Էդուարդ Սանամյանը նշում է, որ ընդամենը մեկ օրից մեկնարկելու է մինչև 12 տարեկանների հաջորդ միջազգային մրցաշարը։ Նրա խոսքով՝ երեխաների մեծ մասը կմնա մասնակցելու նաև երկրորդ փուլին, և սպասվում է նաև մասնակիցների աճ։

Սանամյանը ցավով արձանագրում է, որ հայ պատանի թենիսիստները դեռ ամբողջությամբ ինտեգրված չեն միջազգային մրցափուլերին։ Նա ընդգծում է, որ Հայաստանում նման մրցումների հաճախակի անցկացումն անչափ կարևոր է երեխաների փորձի և մրցակցային միջավայրի ձևավորման համար։

Մրցաշարի ավարտը սակայն հերթական անգամ բարձրացրեց «Արարատ» ակումբի ճակատագրի հարցը, քանի որ Երևանի քաղաքապետարանը դեռ պահպանում է կորտերը քանդելու և ակումբը տեղափոխելու մտադրությունը։

«Այս կորտերում մրցաշարեր են անցկացվել 1950-ականներից սկսած։ Այստեղ խաղացել են թենիսի լեգենդներ՝ Ալեքսանդր Մետրևելին, Շամիլ Տարպիշչևը, Ռոզա Պրուդկովան, Սերգեյ Սարգսյանի մարզիչը, ինչպես նաև պատանեկան տարիներին՝ Ստեֆանոս Ցիցիպասը, Անդրեյ Ռուբլյովը։ Այս ամենը ջնջելու փոխարեն պետք է վերակառուցել ու զարգացնել», — ասում է Սանամյանը։

Նա ընդգծում է, որ ակումբի ապագայի վերաբերյալ որևէ հստակ տեղեկատվություն չունեն, բացի քաղաքապետարանի նիստերի ընթացքում հնչած ձևակերպումներից։

«Եթե սա է գերակա շահը, պետք է հստակ բացատրվի՝ հանրությանը ինչով է այն ավելի կարևոր, քան գործող միջազգային չափանիշներին համապատասխան այս կորտերը», — եզրափակում է Սանամյանը։