Կարեն Դեմիրճյանի թանգարանում բացվել է Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված ցուցահանդես
Աջակցիր «Ա1+»-ին«Հերոսական էպոպեա». Կարեն Դեմիրճյանի թանգարանում բացվել է Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված ցուցահանդես
Կարեն Դեմիրճյանի թանգարանում բացվել է «Հերոսական էպոպեա» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակին։ Միջոցառումը միաժամանակ մեկնարկն է դարձել «Թանգարանների գիշեր» նախաձեռնությանը, որն անցկացվում է Միջազգային թանգարանների օրվա կապակցությամբ։
Ցուցադրությանը ներկայացված են ռազմական տարիների արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ, ռազմաճակատից ուղարկված եռանկյունի նամակներ, զենքեր և զինվորների անձնական իրեր, համազգեստի տարրեր։ Մասնավորապես, ուշադրության կենտրոնում են եղել 89-րդ Թամանյան դիվիզիայի 390-րդ հրաձգային գնդի հրամանատար, գնդապետ Միքայել Սիրունյանի զինվորական վերարկուն և 261-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գնդապետ Ներսես Բալոյանի զինվորական համազգեստը, որոնք տրամադրվել են նրանց ժառանգների կողմից։
Ցուցահանդեսի որոշ նյութեր տրամադրվել են «Մոսկվայի Տուն» կենտրոնի կողմից, ներառյալ «Պատերազմը՝ իմ երկրի պատմության մեջ» ֆոտոցուցահանդեսը, որտեղ ներկայացված է հայերի ներդրումը Հաղթանակի գործում։ Ներկայացվել են նաև նյութեր «Մայր Հայաստան» ռազմական-պատմական թանգարանից։
Բացման խոսքում Կարեն Դեմիրճյանի թանգարանի տնօրեն Վահագն Մամյանը շեշտել է, որ Հաղթանակի 80-ամյակը նշվում է ոչ միայն մայիսի 9-ին, այլ ամբողջ հոբելյանական տարվա ընթացքում։ «Այս ցուցադրությունը հնարավորություն է տալիս վերապրել խորհրդային ժողովրդի հերոսական պայքարի ու հաղթանակի դրվագները։ Հայ ժողովուրդն ունեցել է իր արժանի ներդրումը, և նման նախաձեռնությունները պատիվ են մատուցում այդ սխրանքին՝ միաժամանակ արձագանքելով պատմության խեղման փորձերին», – նշել է նա։
Նույն շեշտադրումն արել են նաև Կարեն Դեմիրճյանի հիմնադրամի տնօրեն Թամարա Սիրունյանը և Երևանում գործող «Մոսկվայի Տուն» կենտրոնի տնօրեն Հայկ Մելիքյանը։ «Մեծ Հաղթանակը ոչ միայն հերոսության խորհրդանիշ է, այլև՝ խորը ցավի հիշատակ։ Մենք պարտավոր ենք պահպանել պատմական ճշմարտությունն ու փոխանցել այն գալիք սերունդներին», – նշել է Մելիքյանը։
Բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսի շրջանակում այցելուներին ներկայացվել է նաև «Նելսոն» փաստագրական ֆիլմը՝ պատմություն լեգենդար օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հերոսական ուղու մասին։
ՌԴ դեսպանատուն