Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կոնյակագործների և բեռնափոխադրողների բողոքի ակցիա՝ Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց (տեսանյութ)

Հայ արտադրողները բողոքում են Վրաստանում կուտակված բեռների պատճառով․ հնարավոր է շուկա կորցնենք

Մայիսի 13-ին Երևանի Վրաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա են անցկացրել հայկական կոնյակ արտադրող և բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները՝ պահանջելով դեսպանի հետ հանդիպում։ Պատճառն այն է, որ Ռուսաստանում իրացվող հայկական կոնյակը Վրաստանի մաքսային անցակետերում շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով կանգնեցվում է։

«Պռոշյանի կոնյակի գործարանի» ներկայացուցիչ Վահրիճ Մինասյանը նշեց, որ նման իրավիճակն իրենց ստիպում է կասկածել մոնոպոլիայի կամ անհասկանալի գործարքների գոյությանը․ «Երկու շաբաթ է՝ մեքենաները կանգնած են, այդպես շարունակվելու դեպքում գործարանը կփակվի»։

«Շահնազարյան գինու և կոնյակի տան» տնօրեն Հայկ Շահնազարյանն ընդգծեց, որ արդեն տոնական շրջանը բաց են թողել, իսկ պայմանագրային խախտումների համար կարող են տուգանվել մինչև ապրանքի արժեքի 100%-ի չափով։

Արտահանողները մտահոգ են, որ երբ իրենց բեռները կանգնած են, ադրբեջանական արտադրանքը հեշտությամբ հասնում է ռուսական շուկա։ Իսկ Վրաստանի դեսպանատանը տեղի ունեցած հանդիպումից հետո նշվել է, որ դեսպանը նոր է տեղեկացել խնդրին։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ հարցը հայկական կառավարության տիրույթում չէ, և իրենք բանակցում են վրացական կողմի հետ՝ լուծում գտնելու համար։

Արտահանողները հայտարարում են, որ եթե խնդիրը չլուծվի, բողոքի ակցիաները կշարունակվեն։