«Ծիրանների» շքերթը սկսվեց (տեսանյութ)
Ծիրանները օրհնվեցին, զինվորական նվագախումբը հնչեցրեց քայլերգը, վարչապետը բացման խոսքով ողջունեց երևանցիներին ու հյուրերին հիասքանչ տոնի կապակցությամբ և «Ոսկե ծիրան» 8-րդ կինոփառատոնը մեկնարկեց:
81 երկրի 630 հայտից ընտրվել են ու կներկայացվեն 45 երկրների 150 ֆիլմեր։ Մրցութային 4 անվանակարգերում ներառված ֆիլմերը կդատեն միջազգային 6 ժյուրիներ:
«Կուլտուրա» հեռուստաալիքի լրագրող Յուլյա Կոզյուկովայի կարծիքով, գնահատելի է թերևս փառատոնի ուղղվածությունն ու սկզբունքը` փառատոնը ոչ թե մրցանակների հանձնման արարողակարգ վերածել, այլ հանդիսատեսին բարձրաճաշակ արվեստ հրամցնել:
Երևանցիները, թերևս, վերջին հնարավորությունը կունենան ֆիլմ դիտել «Նաիրի» կինոթատրոնի շենքում:
Այսօր ունենք ավաղ մեկ լիարժեք կինոթատրոն ու մեկ արդեն միջազգային հեղինակություն վայելող փառատոն, որով կարելի է հպարտանալ, - «Ա1+»-ին ասաց կինոքննադատ, կինոփառատոնի գեղարվեստական խորհրդի անդամ Դավիթ Մուրադյանը:
Նա հուսով է, որ ի վերջո կկառուցվի փառատոնային համալիր, իր մեծ ու փոքր հարմարավետ դահլիճներով:
Մինչ բացման արարողակարգը լրագրողները վայելեցին կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի խոստացված նվեր-հանդիպումը ֆրանսիական կինոյի խորհրդանիշներից մեկի, հմայիչ Ֆանի Արդանի հետ, որը ժամանել է իր ռեժիսորական դեբյուտներով «Մոխիր և արյուն» և կարճամետրաժ «Բացակա երազներ» ֆիլմերով:
Առաջին մասնագիտությամբ քաղաքագետ, սակայն իր իսկ խոսքով, քաղաքականությունից գլուխ չհանող, դասակարգումներ չընդունող ազատատենչ ֆրանսուհին մեր հարցին, թե որն է կարևորում կյանքում, պատասխանեց` սերն իր բոլոր դրսևորումներով. « Ինչպես Էդիթ Պիաֆն էր ասում` առանց սիրո մենք ոչինչ ենք»:
Ի դեպ, Ֆանի Արդանը պարգևատրվեց հատուկ մրցանակով՝ Փարաջանովի «Թալերով»։