Բռնցքամարտի ֆեդերացիան հետաձգեց առաջնությունը
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի բոլոր անդամները կմասնակցեն այս տարվա հանրապետական առաջնությանը: Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը:
«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իմ խնդրանքով 5 օրով հետաձգել է հանրապետական առաջնությունը, որպեսզի Եվրոպայի առաջնությանը մասնակցած բռնցքամարտիկները հասցնեն վերականգնել ուժերը եւ կարողանան մասնակցել մրցաշարին: Հանգիստ ենք տվել միայն Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վլադիմիր Սարուխանյանին»:
Այդպիսով, բռնցքամարտի Հայաստանի այս տարվա առաջնությունը տեղի կունենա ոչ թե նախապես որոշված հուլիսի 5-10-ը, այլ 10-ից 15-ը: Այն կանցկացվի Երեւանի «Դինամո» մարզադահլիճում:
Ռաֆայել Մեհրաբյանի խոսքերով, մեր հավաքականը հենց հանրապետական առաջնությունով կսկսի աշխարհի առաջնության նախապատրաստությունը: «Առաջնության ավարտից հետո թիմի անդամները 10-12 օրով կմեկնեն Ալուշտա կամ Սոչի` հանգստանալու: Մինչեւ աշխարհի առաջնությունը հավաքականը կանցկացնի 3 ուսհավաք, երկուսը Հայաստանում, մեկը` արտասահմանում» (Ռուսաստանում կամ Բելառուսում):