Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին. (տեսանյութ)

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ: Հանդիպման սկզբում կողմերը փաստել են Հայաստան-Կանադա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ընդգծելով միջխորհրդարանական հարաբերությունների կարեւորությունը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Կանադային միջազգային տարբեր հարթակներում Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար: «Կանադան մեր վստահելի գործընկերն է», - նշել է խորհրդարանի ղեկավարը: Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը` վերահաստատելով Հայաստանի` Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հանձնառությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Կանադա միջխորհրդարանական հարաբերությունների սերտացման, երկու խորհրդարանների աշխատակազմերի միջեւ գործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Առանձնահատուկ ընդգծվել է կանադական խորհրդարանական կենտրոնի դերը: Անդրադարձ է կատարվել Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: