Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capdfdgdture
A A
Քաղաքականություն

Իրանը բալիստիկ հրթիռների առաջին ալիքն է արձակել Իսրայելի թիրախների ուղղությամբ (տեսանյութ)

Իրանը բալիստիկ հրթիռների առաջին խմբաքանակն է արձակել Իսրայելի տարածքի խորքում գտնվող թիրախների ուղղությամբ։ Լուրը պաշտոնապես հաստատել է նաեւ Իսրայելը։ Իսրայելի տարածքում հնչում է օդային տագնապի ազդանշանը, հաղորդում են Իսրայելական  ԶԼՄ-երը։

Վաշինգտոնը հայտարարում է՝ Միացյալ Նահանգները «Իսրայելի ժողովրդի կողքին է և կաջակցի նրանց պաշտպանությանը Իրանի սպառնալիքներից»:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը, վերահաստատելով Վաշինգտոնի աջակցությունը դաշնակից Իսրայելին, նախագահ Բայդենի խոսքերն է մեջբերել՝ «Իսրայելի անվտանգությանը մեր աջակցությունը երկաթյա է»։

ԱՄՆ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Սպիտակ տան ղեկավարը Դելավեր նահանգի Ռեհոբոթ քաղաքից վերադառնալուն պես առաջիկա ժամերին խորհրդակցություն կանցկացնի Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաների, ԱՄՆ պաշտպանության նախարարի, պետքարտուղարի մասնակցությամբ։

CNN-ը իր հերթին հաղորդում է, որ նախագահ Բայդենը շուտով ելույթով կդիմի ԱՄՆ ժողովրդին։

Թեհրանը պնդում է՝ Իրանի հարվածն ինքնապաշտպանություն է՝ նախատեսված ՄԱԿ-ի կանոնադրությամբ

Թեհրանը սպառնում է պատասխանել այն երկրներին, որոնք կբացեն իրենց տարածքը, այդ թվում՝ օդային, Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների համար։

«Թեհրանը կոշտ կարձագանքի ցանկացած երկրի, որը կբացի իր օդային տարածքը կամ տարածքը՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների համար»,- Mehr գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։

Լիբանանը, Իրաքը, որոնք գտնվում են Իրանից արձակված անօդաչուների թռիչքի հավանական ուղու վրա, փակել են իրենց օդային տարածքը: Իրանի և Իսրայելի օդային տարածքները բաց են միայն ռազմական ինքնաթիռների համար։

Մինչ այդ Իրանը ԱԹՍ-ներով հարձակում է սկսել Իսրայելի ուղղությամբ։