Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

«Զանգեզուրի պղանձամոլիբդենային կոմբինատն» առաջատարն է (տեսանյութ)

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» գերազանց արդյունքներ ունի՝ 3 տարի անընդմեջ 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջատարն է։ Ավելին՝ ոչ միայն առաջատարն է, այլև շատ մեծ առավելությամբ է առաջատար»,- Տնտեսական լրագրողների ակումբի հրավիրած՝ «Հայաստանի տնտեսական զարգացման միտումները՝ խոշոր հարկ վճարողների տնտեսական բաշխվածության համատեքստում» թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հանքագործների և մետալուրգների միության» նախագահ Վարդան Ջհանյանը։

Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ԶՊՄԿ-ն, որը 2023թ․պետական բյուջե է վճարել 70,9 մլրդ դրամ հարկեր և տուրքեր։ Ընդ որում՝ ավելացել են ոչ միայն կոմբինատի վճարած հարկերը, այլ ստացած շահույթը։ Ջհանյանն ընդգծեց, որ եթե 2014-2020 թվականներին ընկած յոթը տարիներին կոմբինատն ընդամենը մեկ անգամ է գլխավորել խոշոր հարկատուների ցանկը, ապա վերջին 3 տարիներին՝ նոր սեփականատիրոջ պարագայում անընդմեջ է գլխավորում, և կաշխատեն այդ դիրքը պահել առաջիկա տարիներին ևս։

Միության նախագահը նաև հավելեց, որ ի տարբերություն ԶՊՄԿ-ի՝ հանքարդյունաբերական մյուս ընկերությունները նույն հաջողությունը չեն գրանցել։ Ավելի փոքրաթիվ՝ 100 խոշոր հարկատուների շարքում ԶՊՄԿ-ից բացի կան 4 այլ խոշոր հանքարդյունաբերական ընկերություններ, որոնք բոլորը միասին անցած տարի վճարել են շուրջ 30 մլրդ դրամի հարկեր՝ ավելի քան կրկնակի քիչ, քան կոմբինատն է վճարել։ Ասաց, որ ընդհանուր հանքարդյունաբերության վրա բացասական ազդեցություն է ունեցել դոլարի արժեզրկումը։

Ջհանյանը նաև հավելեց, որ ոլորտում առկա խնդիրների և ծրագրերի շուրջ աշխատում են Հայաստանի կառավարության հետ։ Նոր ծրագրեր են նախատեսվում նաև ԶՊՄԿ-ում։

Ասուլիսին ներկա էր նաև «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը, որն էլ իր հերթին ընդգծեց, որ հանքարդյունաբերությունը մեր տնտեսության և արտահանման հիմնական ճյուղերից մեկն է։

Մանրամասները՝ տեսանյութում