Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսկ կեսգիշերը շուտ եկավ (տեսանյութ)

Մշակույթ
f6a1f990cc2be5fa7a7655ec3c02a09c

Հայաստանը յոթերորդ անգամ միացավ աշխարհի շուրջ 40 երկրների հազարավոր թանգարանների շքահանդեսին:

Մայիսի 14-ի գիշերը մայրաքաղաքի ու շրջանների գրեթե բոլոր թանգարանները պատրաստվել էին ընդունելու այցելուներին ու կազմակերել ամենատարբեր միջոցառումներ: Դռները բաց էին բոլոր ցանկացողների համար:

Հավանաբար ոչ միայն անվճար մուտքն ու ակտիվ այցելության համար խոստացված մրցանակներն էին պայմանավորել այցելուների այսպիսի մեծ հոսք: Նաև ակնկալիքը մշակութային ժառանգության մշտական ցուցադրությունից բացի հետաքրքիր միջոցառումների, թատերական ներկայացումների, համերգային ելույթների ու անսպասելի հանդիպումների ականատեսն ու մասնակիցը լինելն էր:

Հայաստանի ազգային պատկերասրահում մինչ փոքրիկները սովորում կամ սովորեցնում էին օրիգամի պատրաստել ի տուրք Ճապոնիայի երկրաշարժը վերապրածներին, նրանց մայրիկներն ու հայրիկներն ու մյուս մեծերը հիանում էին Վարդգես Սուրենյանցի գործերով:

Մինչ Երևանի պատմության թանգարանում երիտասարդները վալս էին պարում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի այցելուներն էլ ճաշակում էին կոմպոզիտորի բաղադրատոմսով պատրաստած կակաոն, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում լրագրողները կազմ-պատրաստ սպասում էին բարձրաստիճան պաշտոնյաների այցին:

Մշակութային ժառանգության պահապանները փորձեցին թանգարանների առօրյան այդ գիշեր տոն դարձնել, որը թերևս հաջողվեց, ու շատերը հավանաբար ափսոսացին, որ կեսգիշերին տոնն ավարտվեց, ու միջոցառումների բազմազանության մեջ էլի ինչ-որ բան չհասցրին ... օրինակ միանալ«Էրեբունի» արգելոց-թանգարանի «Ռետրոսպեկտիվ» միջոցառմանն ու վերապրել 1968-ի հոկտեմբերյան Երևանի տոնական շունչը...

Ի դեպ, այս տարվա «Թանգարանների գիշերը» Հայաստանում անցավ «Գրավոր հիշողություն» կարգախոսով, նվիրված Հայ գրատպության 500-ամյակին: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն էլ անմասն չմնաց ու ցուցադրեց պահուստներից լույս աշխարհ գալու իրենց ժամին սպասող հայ գրքարվեստի նշխարները: