«Հայաստանի դեմ Ադրրբեջանը Պեգասուսը կիրառում է իբրև կիբեր զենք՝ Իսրայելի կառավարության թույլտվությամբ» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը օրերս հայտնել էր, որ թիրախավորվել են Apple հեռախոսները:
Նա նշում է, որ սա հիմնականում մեկ դեպք չէ, այլ դեպքերի շարան. «Apple ընկերությունն ուսումնասիրում է հեռախոսների ակտիվությունը և դրանց հիման վրա ուղարկում է ծանուցումներ այն մասին, որ կոնկրետ այս կամ այն մարդու հեռախոսը ենթարկվել է հարձակման՝ պետությանը սպասարկող հաքերային թիմի կողմից:
Նրանք չեն նշում, թե դա ինչ երկրի հաքերային թիմ է, կոնկրետ ինչպես է եղել հարձակումը և այլն: Իրականում այդ ծանուցումը կարող է նշանակել տարբեր բաներ, բայց Հայաստանում մեր ուսումնասիրած դեպքերի գերակշռող մասը հաստատ Պեգասուս լրտեսական ծրագրի՝ հեռախոսի մեջ ներդրման փորձն է կամ հաջողված փորձը»,- նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետը։
Պեգասուսը իսրայելական մասնավոր ընկերության կողմից ստեղծված լրտեսական ծրագիր է, որը վաճառում են մի շարք երկրների պետական կառույցներին: Դա վաճառվում է հանցագործներին գաղտնալսելու համար, մինչդեռ իրականության մեջ տարբեր բռնապետական ռեժիմներ Պեգասուսն օգտագործում են քաղհասարակության և ընդդիմադիրների դեմ.
«Ամենավառ օգտագործողներից մեկն Ադրբեջանն է: Միայն իր երկրի ներսում մոտ 1000 թիրախի դեմ է օգտագործել, որոնք ոչ թե հանցագործներ են, այլ ընդդիմադիր լրագրողներ և քաղաքական գործիչներ: Ինչ վերաբերվում է Հայաստանի դեպքին, այն ամենաարտառոցն է այն առումով, իսկ սա միայն մեր կարծիքը չէ, այլ միջազգային մեծ հետազոտական թիմի, որ Հայաստանի դեմ Ադրրբեջանը Պեգասուսը կիրառում է իբրև կիբեր զենք՝ Իսրայելի կառավարության թույլտվությամբ, որովհետև դա համարվում է ռազմական արտահանում և առանց թույլտվության Պեգասուսը չի վաճառվում երկրներին»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
«CyberHUB-AM»-ի համահիմնադիր Արթուր Պապյանի խոսքով Apple-ը՝ որպես կենտրոնացված ընկերություն՝ որոշակի դիագնոստիկ տվյալներ է ստանում իր հեռախոսներից, որոնք բոլորն ինքն է արտադրում և տիրապետում է օպերացիոն համակարգի:
Google-ը, որն Android օպերացիոն համակարգի ստեղծողն է և դա տարածում է բաց կոդով, այդ կարգի վերահսկողություն չունի: Apple-ը կարողանում է իմանալ, թե երբ են հարձակման փորձեր լինում, իսկ Google-ը՝ ոչ: Հետևաբար Google Android հեռախոս օգտագործողները երբեք չեն տեղեկանում, որ իրենց դեմ հարձակումներ են եղել:
«Եթե դուք ծանուցում չեք ստացել, քանի որ Android օգտագործող եք, դա դեռ ոչ մի բան չի նշանակում: Ճիշտ հակառակը, դա կարող է նշանակել, որ ձեր հեռախոսը վարակված է, այնտեղից տվյալներ են տանում, բայց դուք այդ մասին երբեք չեք էլ իմանում»,- ասաց Արթուր Պապյանը: Նա հավելեց, որ, երբ իրականացնում են հետազոտություններ, տեսնում են որ, եթե շատ կարևոր թիրախ է, այսինքն՝ մարդ, ով շատ արժեքավոր ինֆորմացիայի է տիրապետում, իրեն վարակում են մի քանի անգամ: Որովհետև, երբ Iphone հեռախոսները վերբեռնում են, այդ ժամանակ վիրուսը, որը գործում է միայն օպերացիոն, այսինքն՝ ակտիվ հիշողության մեջ, վերանում է: Եթե այդ մարդը կարևոր թիրախ է, ստիպված են լինում նրան վերավարակել: «Մենք դրա համար արձանագրում ենք մի քանի վարակում՝ կարևոր թիրախների մոտ: Սա լավ նորություն է այն մարդկանց համար, ովքեր ուզում են ազատվել դրանից, բայց չգիտեն՝ ինչ անել: Ուղղակի պետք է վերագործարկեք հեռախոսը: Եվ վատ նորություն է այն մարդկանց համար, ովքեր իսկապես արժեքավոր տեղեկատվության են տիրապետում, կարող եք վստահ լինել, որ նորից են փորձելու վարակել»,- տեղեկացրեց Արթուր Պապյանը:
Որպեսզի կանխվեն հետագա վարակումները, իրականացվում են հետազոտություններ,որից հետո մասնագետները տվյալները փոխանցում են Amnesty Tech, Citizen Lab անվտանգային լաբորատորիաներ, նրանք արձանագրում են, թե այդտեղ կոնկրետ ինչ հարձակման վեկտորներ են գրանցվել, ապա փոխանցում են Apple-ին, իսկ Apple-ը, իր հերթին, թողարկում է անվտանգության թարմացում:
Կրկնավարակից խուսափելու համար այդ թարմացումները դնելը շատ կարևոր է: Apple-ը հատուկ ստեղծել է արգելափակման ռեժիմ՝ Lockdown Mode, որը պետք է ակտիվացնել: Այն օգնում է սարքերը պաշտպանել շատ բարդ կիբեր հարձակումներից: