ԼՂ-ում ուժ է կիրառվել, և մենք դիտարկում ենք դրան պատշաճ արձագանք. ԱՄՆ ՄԶԳ տնօրենի ասուլիսը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՉնայած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և իր տեղակալ Յուրի Քիմի հայտարարություններին, որ Լեռնային Ղարաբաղում զինված ուժի կիրառումն անընդունելի է՝ այդ ուժը կիրառվել է, և ԱՄՆ-ն դիտարկում է, թե ինչը կարող է պատշաճ արձագանք լինել դրան:
Այս մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունում հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱՄ, որՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերըէ անդրադառնալով դիտարկմանը․ որ Յուրի Քիմը հայտարարել է, որ ԼՂ-ում ուժի կիրառումն անընդունելի է, սակայն Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիայի է դիմել:
«Նույն բանն ասվել է պետքարտուղար Բլինքենի կողմից: Բայց այդ ուժը կիրառվել է: Եվ մենք դիտարկում ենք, թե ինչը կարող է լինել պատշաճ արձագանք դրան: Ինչպես պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմը նշեց՝ մենք վերանայում ենք մեր անվտանգային աջակցությունը, բայց ես որևէ եզրահանգում չեմ ուզում ներկայացնել այս պահին ԱՄՆ արտաքին քաղաքականության և արձագանքի վերաբերյալ»,-ասաց Փաուերը:
Պաշտոնյան հստակեցրեց՝ դիտարկում են վերջին իրադարձություններին արձագանքի ընդհանուր շրջանակ: «Եվ ամենակարևորը՝ մենք ուզում ենք, որ հրադադարը պահպանվի, որ մարդիկ կարողանան դուրս գալ ԼՂ-ից, եթե դա իրենց ընտրությունն է, և իրենց իրավունքները, արժանապատվությունն ապահովված լինեն»,-ասաց Փաուրեը:
Նա չնշեց, թե ԱՄՆ-ն ինչ գործիքներ կարող է կիրառել այս հանգամանքների համատեքստում՝ վստահեցնելով, որ իրենց տրամադրության ներքո ունեն բավականին գործիքներ: «Վաշինգտոնում շատ բարձր մակարդակում քննարկումներ ընթանում են, թե որոնք կլինեն համարժեք գործողություններ»,-նշեց նա։
ԱՄՆ-ն ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը՝ ընդգծելով, որ դրանք ախախտելի սկզբունքներ են, հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը:
«Մենք նորից շատ հստակ նշում ենք, ինչպես դա արվել է նաև ՄԱԿ-ում, մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը: Ես չեմ կարող նշել, թե ինչպիսին կարող են լինել դրա հետ կապված խախտումների հետևանքները: Բայց մենք միասին ուզում ենք շեշտել, որ դրանք անխախտելի սկզբունքներ են»,-ասաց Փաուերը:
Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը, դիմելով Հայաստանին, հայ ժողովրդին, վստահեցրեց, որ ԱՄՆ-ն վստահելի բարեկամ ու գործընկեր է:
«Մենք շարունակելու ենք մեր փոխգործակցությունը Հայաստանի ժողովրդի հետ ժողովրդավարությունն ամրապնդելու և տնտեսական զարգացումներ ապահովելու ուղղությամբ: Այս հարձակումները չեն կարող վտանգել այն ձեռքբերումները, որ Հայաստանն ունեցել է: Ես ուզում եմ գովեստով խոսել վարչապետ Փաշինյանի և հայ ժողովրդի վերաբերյալ՝ այն ժողովրդավարական բարեփոխումների կապակցությամբ, որոնք 2018 թվականից ի վեր գրանցվել են»,-ասաց Փաուերը՝ նշելով կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության գործունեության ընդլայնման և այլ հարցեր:
Խոսելով Հայաստանում իրականացված բարեփոխումների մասին՝ նա վստահեցրեց, որ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել այս զարգացումներին: ԱՄՆ-ն աջակցում է Հակակոռուպցիոն դատարանի, Քննչական կոմիտեի զարգացմանը:
Փաուերը նշեց, որ ԱՄՆ-ն 1992 թ-ից 33 մլրդ դոլար է հատկացրել ՀՀ-ին, աշխատել են ամեն օր փոխգործակցությունն ամրապնդելու ուղղությամբ:
«Հայաստանը պատմական առաջընթաց է արձանագրել իր անկախության, իր ինքնիշխանության, ժողովրդավարության ասպարեզում և իր համայնքների համար տնտեսական հնարավորություններ ապահովելու ուղղությամբ և ապահովելու իր իրավունքները՝ ապրելու խաղաղ և արժանապատիվ, ինչը հիմնարար է: Եվ, երբ Հայաստանը, հայերը՝ դուք շարունակում եք այս ճանապարհը նույնիսկ այս վերջին ճգնաժամի պայմաններում, ուզում եմ իմանաք, որ դուք ունեք բարեկամ և վստահելի գործընկեր՝ ի դեմս Միացյալ Նահանգների»,-եզրափակեց ԱՄՆ ՄԶԳ տնօրենը:
Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Հայաստան են ժամանել սեպտեմբերի 25-ին: Փաուերն ասաց, որ առաջիկայում իրենց ուշադրության կենտրոնում քաղաքացիական անձանց վիճակն է ԼՂ-ում:
«Որպես ԱՄՆ ՄԶԳ՝ մեր ուշադրությունը միտված է քաղաքացիական անձանց բարօրության ապահովմանը: Մարդիկ չեն կարողացել դուրս գալ, նրանց հասանելի չեն եղել սննդամթերք, այլ պարագաներ: Այս հարցը մեր անմիջական ուշադրության կենտրոնում է: Մենք այստեղ գալով՝ ավելին ենք իմացել իրավիճակի լրջության վերաբերյալ, տեղեկացել ենք, թե ինչերի միջով են անցել ԼՂ-ի մարդիկ»,-ասաց նա՝ հավելելով, որ ԼՂ անարգել մուտքի հնարավորություն ապահովելու կոչ են արել:
Արմենպրես