Բացել լրահոսը Փակել լրահոսը
s-l1600
A A
Հասարակություն

«Գենդեր փարթի»՝  ուրախությունը կիսելու համար

Պայթող փուչիկներ, գունավոր ծուխ. վերջին տարիներին  Հայաստանում երեխայի սեռը իմանալը դարձել է յուրատեսակ արարողություն:  «Գենդեր փարթին» կազմակերպելու համար շատերը դիմում են միջոցառումներ կազմակերպող ընկերությունների:  Թեեւ քիչ չեն ծնողները, որոնք որոշում են արարողությունը կազմակերպել ինքնուրույն՝   միջոցառմանը հրավիրելով հարազատներին:

Էլադա Լազարյանն ասում է՝  ինքն է «փարթիի» կազմակերպչական հարցերով զբաղել:

«Երբ  բժիշկը ասաց՝  կարող ենք իմանալ երեխայի սեռը,  խնդրեցի, որ  ինձ չասի , գրի  թղթի  վրա ու այդ թղթիկը  հանձնի ինձ։ Համբերել եմ, չեմ նայել: Արդեն երբ  պատրաստվում էի  գենդեր փարթիին,   թղթիկը հանձնել եմ  վաճառողուհուն  և խնդրել, որ համապատասխան գույնով ծուխը տա»,- ասում է  նա:

Ամուսնու՝  Վիգենի հետ որոշել են միջոցառումն անել Գութանասարում։ Ասում է՝ անհամբեր սպասել են փոքրիկի հետ հանդիպմանը՝ անկախ նրա սեռից:Բայց զգացողություն է ունեցել, որ որդի է ունենալու.

«Հարազատներս ասում էին,  որ աղջիկ եմ ունենալու, բայց ես զգում էի,   որ իմ մեջ տղա է մեծանում։ Արդեն երբ իմացանք տղա ենք ունենալու, հասկացա, որ մայրական բնազդը ինձ չէր խաբում»:

Ինչ վերաբերում է «գենդեր փարթի» կազմակերպելուն, Էլադան ասում է՝ իր նախաձեռնությունն է, ցանկանում էր փոքրիկի սեռը իմանալու օրը տոն դարձնել, միջոցառումը նկարահանել ու այսպես  հարազատներին ու ընկերներին հայտնել՝  օգտվելով սոցհարթակների հնարավորություններից:

Ջուլի Հովնանյան և Դավիթ  Ստեփանյան զույգը, որը սպասում է  առաջնեկին,    այդքան էլ չի կարեւորում երեխայի սեռն իմանալու  համար միջոցառում կազմակերպելը, բայց «գենդեր փարթի» կազմակերպելու են:

 «Հարազատներն են   մեզ համար կազմակերպելու, անակնկալ է լինելու: Չէինք ուզում,   բայց միևնույն ժամանակ գիտակցում ենք՝ շատ հաճելի ու աննկարագրելի պահեր են՝ հուզմունք, սպասողականություն, երջանկություն»,-ասում է   Ջուլին:

Ծնողները գիտեն՝ ինչ են ուզում

Երեխայի սեռը հայտնելու արարողություն կազմակերպող ընկերություններից մեկի տնօրեն  Աշոտ Հովհաննիսյանի  խոսքով՝ իրենց դիմող ծնողները հիմնականում  հստակ որոշած են լինում՝ ինչպես պետք է կազմակերպվի «գենդեր փարթին»:  Բայց վերջնական որոշումը լինում է համատեղ քննարկումից հետո:

«Անկախ նրանից, թե ինչպես են ուզում կազմակերպել փարթին, բոլոր ծնողները մի հարցում նման են: Նրանք բոլորը հուզված են»,-ասում   է նա:

Փարթի կազմակերպման ծախսերը տատանվում են  4500 դրամից մինչեւ 1.5 մլն 

դրամի սահմաններում:

«Գենդեր փարթիների»  հոգեբանական ազդեցությունը

«Գենդեր փարթիներ» կազմակերպելու միջոցառումները Հայաստանում կրկնօրինակվել են արեւմտյան մշակույթից:

Հոգեբան Մարիամ Մելքումյանի  գնահատմամբ՝ դրանք հոգեբանական տարբեր ազդեցություն են ունենում՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական:

Հղիության ու սպասվող երեխայի մասին  հանդիսությամբ հայտնելը ուրախության դրսեւորում է, որը վարակում է  բոլոր հարազատներին: Բայց այն նաեւ կարող է տխրեցնող լինել, թե երեխայի սեռը ակնկալածը չլինի:

«Այս առումով  բավականին խորքային աշխատանք է անհրաժեշտ դեռ իրականացնել հասարակությունում՝  կարծրատիպերն ամբողջովին կոտրելու համար: Անկախ սեռից երեխան նույն ուրախությունն է  բերում ընտանիք:   Երեխայի դեպքում գենդերային  տարբերություն դնելը ավելի շատ պայմանավորված են մշակութային,  կրոնական տարբեր դիրքորոշումներով: Վերջին տարիներին, բարեբախտար, այդ  միտումները նվազում են»,- նշեց Մարիամ Մելքումյանը:

 

Նորածինների սեռերի անհամամասնության ցուցանիշը կրկին աճել է

Համաձայն «Պտղի սեռի խտրական ընտրության տարածվածությունն ու պատճառները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության՝ Հայաստանը նորածինների սեռերի համամասնության ամենամեծ շեղում ունեցող երկրների թվում է։

Նորածինների սեռերի անհամամասնությունը սկսել է աստիճանաբար աճել 1990-ականների սկզբից։ 1995 թ.-ին 100 աղջկա հաշվով ծնվել է 110 տղա, 1998 թ․ այդ ցուցանիշը գերազանցել է 115-ը, իսկ 2000 թ․-ին հասել է 120-ի (նորածինների սեռերի համամասնության բնական մակարդակ է համարվում 104-106 տղայի հաշվով 100 աղջիկ ցուցանիշը)։

Հետագայում, սակայն, որոշակի բարելավումներ նկատվել են նորածինների սեռերի անհամամասնության կրճատման մեջ։ Բայց 2022թ այդ ցուցանիշը կրկին աճել է:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝   2022-ին  ՀՀ-ում  ծնվել է 36․353 երեխա, որից 19․195 տղա, 17․158 աղջիկ։   2022թ. հունվար-դեկտեմբերին սեռերի հարաբերակցության գործակիցը  կազմել է 111.9 տղա՝ 100 աղջկա հաշվով, 2021 թ․-ին եղել է 108.8 տղա 100 աղջկա հաշվով:   

 

Ալիսա Հարությունյան

Նյութը պատրաստվել է  ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ: