Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

  «Հարցրի՝ պատգամավոր դառնա՞մ, թե՞ նախարար, մաման պատասխանեց՝  նախարար, բալես»

Երևանի պետական համալսարանի աստիճաններով բարձրացող  Լենայի համար բուհ բերող ճանապարհն ավելի դժվար էր, քան իր կուրսընկերների։

Ազգությամբ եզդի 21-ամյա Լենա Միրզոյանը ԵՊՀ ուսանող չէր դառնա, եթե չորս տարի առաջ չաներ համարձակ մի քայլ, որն այնքան էլ ընդունված չէ նրանց համայնքում։

Ընտանիքի ու հարազատների համար անսպասելի՝ նա ընդունվեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ։  Ասում է՝ ինքն էլ հույս չուներ, որոշել էր ռիսկի դիմել։  Ընտանիքի անդամներից որևէ մեկը չի իմացել նրա՝ բուհ ընդունվելու որոշման մասին: 

Հարազատներից գաղտնի՝ ուսուցչուհու հետ, վերջինիս առաջարկով, մեկ ամիս հայոց լեզվի քննությանն է օնլայն պատրաստվել։ Ընտանիքի անդամներին ասել էր, որ դպրոցական քննությանն է պատրաստվում։ 

Լենան պատմում է, որ միայն բուհական քննության օրն է մորը հայտնել  իր որոշման մասին։

«Մաման իմ արկածները կիսող մարդ է, ու քանի որ չի ստացվում ինձ հետ պահել, ստիպված հետս ամեն տեղ գալիս է»,- կատակում է նա։

Հիշում է՝ մայրն ամբողջ ճանապարհին ասում  է․ «Միևնույն է, չես ընդունվելու, բայց որ մտքիդ դրել ես, փորձիր»։

Հաջողությամբ հանձնելով քննությունը՝ Լենան ընդունվում է համալսարան՝ անվճար հիմունքներով։

«Երբ եկա տուն ու  հայտնեցի՝ ընդունվել եմ համալսարան, տատիկս ուրախությունից լաց եղավ։ Ասաց՝  իրականացրել  եմ իր մանկության երազանքը։ Իսկ պապիկս ասաց՝ եթե դու իմ խոսքի վրայով կարողացար անցնել ու քո ուժերով ընդունվեցիր համալսարան, շնորհավորում  ու հպարտանում եմ ,որ հենց դու ես իմ թոռնուհին»,- պատմում է Լենան։

Ավելացնում է՝ ամեն առավոտ պապիկն է իրեն արթնացնում, որ դասերից չուշանա։ Նա ապրում է Արարատի մարզի Ղուկասավան համայնքում, որը Երևանից շատ հեռու չէ։

Լենան, որը չորրորդ տարին է մայր բուհում սոցիալական աշխատանքի նրբություններն է ուսանում, զուգահեռ աշխատում է։ 

Նա  աշխատում է «Խիրատ» մեդիա հարթակում, որն անդրադառնում է եզդիների մշակույթին, ավանդույթներին, ինչպես նաև  ազգային փոքրամասնությունների իրավունքներին։  Բացի դրանից՝ Լենան Ղուկասավան գյուղի՝ ազգությամբ եզդի երեխաներին  մայրենի լեզուն է սովորեցնում։ Նա ոչ միայն գիտելիքով է կիսվում, այլև փորձում է նրանց մոտիվացնել, որ շարունակեն կրթությունը, գնան երազանքների ետեւից։

Թեև տարեցտարի ավելանում է  բարձրագույն կրթություն ստացող եզդի  երիտասարդների թիվը, այնուամենայնիվ, վիճակագրությունն այնքան էլ գոհացնող չէ․ 2022թ․ տվյալներով՝ 36 հազարից ավելի  բնակչություն ունեցող եզդիական համայնքից բարձրագույն կրթություն է ստանում 40 ուսանող։

«ՀՀ-ում ամենամեծ ազգային փոքրամասնության՝  եզդիական համայնքի իրավունքները» հետազոտության համաձայն՝  հատկապես գյուղական համայնքներում ինչպես աղջիկներին, այնպես էլ տղաներին «չեն խրախուսում շարունակել կրթությունը, քանի որ հետագայում, միևնույն է, ներգրավված են լինելու գյուղատնտեսական աշխատանքներում»։

Սակայն նույնիսկ այդ պարագայում բարձրագույն կրթություն ստացած տղամարդկանց թիվը կրկնակի մեծ է կրթական նույն ցենզն ունեցող կանանց թվից։

2001թ․ վերջին մարդահամարի տվյալներով՝ բարձրագույն մասնագիտական կրթություն ստացել է եզդիական համայնքի ընդամենը 477 ներկայացուցիչ (1.5%), որից 310-ը տղամարդիկ են։ 

2022թ․ մարդահամարի տվյալները դեռ չեն մշակվել, բայց, ակնհայտ է, դրանք շատ չեն տարբերվելու առկա ցուցանիշներից։

Լենան առանձնահատուկ ջերմությամբ է պատմում եզդիների ավանդույթների, կրոնի, տոների մասին։ Որքան էլ հարազատների կամքին դեմ գնալով՝ բուհ է ընդունվել, կարևորում է ազգային ավանդույթներին հետևելը։

Ի դեպ, ի տարբերություն Լենայի՝ նրա քույրը  դպրոցն ավարտելուց հետո ամուսնացել է։ Փոքր եղբայրը ցանկանում է  բարձրագույն կրթություն ստանալ՝ դպրոցն ավարտելուց հետո:

Կարծարատիպերն ու դժվարությունները Լենային չեն «կանգնեցում» ապագայի ծրագրեր կազմելիս։ Ցանկանում է մասնակցություն ունենալ համայնքի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացին։

«Էս վերջերս մամայի հետ զրուցելուց ասեցի՝ մամ, պատգամավոր դառնա՞մ, թե՞ նախարար, մաման նայեց ինձ, թե՝ նախարար, բալես»,- ժպտալով ասում է Լենան։

Արմիկ Գրիգորյան

ՀՊՄՀ ուսանող

Լուսանկարները՝  Լենա Միրզոյանի անձնական արխիվից

Նյութը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ։