Բացել լրահոսը Փակել լրահոսը
crypto2
A A
Հասարակություն

Ֆինանսական համակարգի ապագան. կրիպտոարդյունաբերության  ոլորտի միֆերն ու իրականությունը-2

     Քանի որ բլոկչեյնը դեռևս համեմատաբար նոր տեխնոլոգիա է, կրիպտոարժույթների և կրիպտոարդյունաբերության վերաբերյալ դեռևս կան շատ կեղծ պնդումներ և սխալ պատկերացումներ։ Կրիպտոարդյունաբերության մասին միֆերից մեկն էլ այն մասին է, թե կրիպտոարժույթներն անվտանգ չեն: Թերահավատները հաճախ պնդում են, որ կրիպտոարժույթի և բլոկչեյնի էկոհամակարգը վտանգավոր են հասարակ մարդկանց համար, քանի որ դրանք անանուն են, վստահելի չեն, և քրեական տարրերի կողմից կարող են լայնորեն օգտագործվել ոչ ազնիվ նպատակներով: Սա, իհարկե, ճշմարտություն չէ:

     Իրականում, բլոկչեյն համակարգի թափանցիկությունն այս տեխնոլոգիայի ոչ թե թերությունն է, այլ՝ առավելությունը: Այս համակարգը բաց է. տեղեկատվությունը հասանելի է ամբողջ աշխարհում օգտագործողների, կարգավորող և իրավապահ մարմինների համար: Շատ առումներով դա նույնիսկ ավելի բաց է, քան ավանդական ֆինանսական համակարգը:

      Կրիպտոարժույթների ստուգված հարթակներում և ծառայություններում անվտանգության մակարդակը ոչ միայն որևէ կերպ չի զիջում ավանդական ֆինանսական հաստատություններում և բանկերում գործող անվտանգության համակարգերին, այլև իսկ որոշ դեպքերում անգամ գերազանցում է: Կրիպտոարժույթի հարթակներում ներդրվել են «Ճանաչիր քո հաճախորդին» գործիքը, ինչպես այլ մեթոդներ փողերի լվացման դեմ պայքարին և գործարքներին հետևելու համար:

 

                Կրիպտոարդյունաբերության ոլորտի դերակատարների մեծ մասն օրինապահ քաղաքացիներ և ձեռնարկություններ են

 Կրիպտոարժույթի հակառակորդները հաճախ պնդում են, որ թվային ակտիվների էկոհամակարգն անվտանգ չէ, քանի որ այն անանուն է, վստահելի չէ և լայնորեն օգտագործվում է խարդախների կողմից: Արդյունքում, նրանք, ովքեր ծանոթ չեն համակարգին, թյուրիմացաբար կարծում են, որ թվային ակտիվների հետ կապված ամեն ինչ վտանգավոր է և հիմնականում նախատեսված է խարդախության, գողության և փողերի լվացման համար: Այս միֆի հիմքն այն է, որ աշխարհում կրիպտոարժույթի վերաբերյալ օրենսդրական դաշտը բացակայում է: Բայց պետք է հաշվի առնել, որ կրիպտոարդյունաբերության ոլորտի դերակատարների ճնշող մեծամասնությունն օրինապահ քաղաքացիներ և ձեռնարկություններ են, որոնք թվային ակտիվներն օգտագործում են որպես արժեքի անվտանգ և արդյունավետ առցանց փոխանցման միջոց: Այս ոլորտում պատասխանատու խաղացողները օգտագործում են նաև արդյունավետ պաշտպանական մեխանիզմներ և համակարգեր, որոնք ապահովում են օգտագործողների անվտանգությունը:

               Այնուամենայնիվ, երբեմն որոշ չարամիտների ապօրինի գործողությունների պատճառով, ինչը աննշան տոկոս է կազմում կրիպտոարդյունաբերության դերակատարների ընդհանուր ծավալում, անօրինականության մասին առասպելներ տարածող մարդիկ չափազանցնում են երևույթները, գործողությունների մասշտաբն ու հետևանքները՝ ելնելով իրենց կողմնակալ վերաբերմունքից և ձգտելով վնաս հասցնել համակարգի հեղինակությանը:

 Որքանո՞վ են տարածված հանցագործությունները բլոկչեյն միջավայրում:            

    Սկսենք դաժան իրականությունից, որը, հավանաբար, սնում է կոնկրետ այն միֆը, թե կրիպտոարդյունաբերությունն անվտանգ չէ: Այո, խարդախություններ և փողերի լվացում իսկապես կատարվում է նաև այս արդյունաբերության մեջ: Երբեմն  կարելի է գտնել նորություններ այն մասին, թե ինչպես են ինչ-որ մեկից կամ ինչ-որ հարթակից գողացել թվային ակտիվները։ Բայց այս թվերը քիչ բան են ասում, երբ դուրս են բերվում համատեքստից, և բերված օրինակները հաճախ չափազանցված են ուշադրությունը գրավելու համար: Իրականում աշխարհում որևէ համակարգ չի կարող 100 տոկոսով պաշտպանված լինել խարդախներից և հանցավոր գործունեությունից:               

Բերենք կոնկրետ թվեր, որոնք կօգնեն ավելի ճշգրիտ պատկերացում կազմել։ Բլոկչեյնի վերլուծության մեջ մասնագիտացած Chainalysis ընկերության պատրաստած՝ Crypto Crime Report-ի 2022 թվականի զեկույցն ասում է, որ 2021 թվականին բոլոր կրիպտոարժույթների գործարքների ընդամենը 0,15 տոկոսն է կապված է եղել հանցավոր գործունեության հետ՝ բարելավելով 2020 թվականին 0,62 տոկոս ցուցանիշը: Ավանդական ֆինանսական համակարգերի պարագայում ամեն տարի լվացվում է մոտ 2 տրիլիոն դոլար ֆիատ արժույթ (համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը): Համեմատության համար նշենք, որ կրիպտոարդյունաբերության ոլորտում անցած տարի այդ ցուցանիշը եղել է 14 միլիարդ դոլար:                Ճշմարտությունն այն է, որ անօրինական գործունեությունը կազմում է բլոկչեյնի վրա գործարքների ընդհանուր ծավալի չնչին մասը, քանի որ հանցագործների համար շատ դժվար է թաքցնել հետքերը՝ օգտագործելով կրիպտոարժույթ: