Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 8-ը հունիսի (տեսանյութ)

 

1997-ի հունիսի 8-ին մեղադրյալի աթոռին է դաշնակցական իրավաբան Կիմ Բալայանը ։ Նա մեղադրվում է մոտ մեկ տարի առաջ Ազգային Ժողովում բռնության ենթարկված Արա Սահակյանին անօգնական թողնելու եւ անկարգություններ հրահրելու մեջ։ Կիմ Բալայանը դատապարտվում էր մնջախաղի երկու դերասանի ցուցմունքների հիման վրա։ Մեղավոր ճանաչվելով նա ազատ արձակվեց

Նույն օրը Հայաստանում էր եւ լրագրողների հետ էր հանդիպում վերջիններիս հասարակության ամենամեծ թշնամին համարող ռուս անվանի երգիչ Իոսիֆ Կոբզոնը ։ Երեւանում նա հերքում է մաֆիայի հետ իր կապը հայտարարելով, որ այդպիսի կապի մասին խոսակցությունները ձեռնտու են նախագահ Ելցինին։ Հընթացս Կոբզոնը գովերգեց նաեւ հռչակավոր Վյաչեսլավ Իվանկովին՝ Յապոնչիկին նրան համարելով հանցագործությունից հեռու մարդ։

1998-ի այս օրը Հայաստանի երկաթուղայինները սպառնում են գործադուլով։ Պատճառը «Գուգարք» ճամբարն է, որը պատկանում էր տրանսպորտի նախարարությանը, բայց Դաշնակցությունն ուզում է վերցնել այն։ Երկաթուղայինները պահանջում են ճամբարը թողնել իրենց։

Հարկադիր կատարողները 1999-ի հունիսի 8-ին լցվել են Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Օրագիր» օրաթերթի խմբագրություն եւ տանում են գույքը։ Դատարանը «Միկա Արմենիայի» օգտին թերթից 25 հազար դոլար գումար է գանձել, որը թերթից վերցնում են գույքի տեսքով։ Նիկոլ Փաշինյանը դիմադրում է, ինքը գույք չունի, ամեն ինչ պատկանում է տարբեր անհատների։ Իրադարձություններն ընթանում են մարտական գործողություններով։ Ի վերջո հարկադիր կատարողները զիջում են մինչեւ կպարզեն, թե ովքեր են թերթի գույքի տերերը։

Հայաստանում է ամերիկացի գործարար Ջոն Հանսթմանը։ Իր նստավայրում Ռոբերտ Քոչարյանը նրան ընդունում է գրկաբաց։ Հանսթմանն առաջին օտարերկրյա ներդրողն է, որը Հայաստանում կառուցել է բետոնե կղմինդրների արտադրության գործարան։ Նախագահի նստավայրում Հանսթմանն արժանանում է Մեսրոպ Մաշտոց շքանշանին , ապա հիանում Ռոբերտ Քոչարյանով՝ նա հրաշալի հրաձիգ է։ Հայաստանի կուրորտոլոգիայի եւ ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտի կոլեկտիվը զայրացած է՝ նրանց ասել են, որ պետությունն այլեւս ձեզ պահող չէ, դուք մասնավորեցվում եք։ Բժիշկներն ասում են, որ սեփականաշնորհվելու դեպքում ինստիտուտն անմիջապես կվերանա

Ազգային Ժողովը 2000 թվականի հունիսի 8-ին քննարկում է՝ կատարվե՞լ է նախորդ տարվա բյուջեն, թե ոչ։ Մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ է նշանակվել վարչապետը, որը պատասխանատու չէ նախորդ տարվա բյուջեի կատարողականի համար:

2001-ի այս օրը իշխող Հանրապետական կուսակցությունը հրավիրել է համագումար ։ Կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը անդրադառնում է կուսակցության հասցեին հնչող մի շարք մեղադրանքների Նույն օրը Մայր Աթոռում լրագրողների հետ է հանդիպում Ամենայն Հայոց կաթողիկոսը, որը ստիպված է պատասխանել սկանդալների առիթ դարձած մի շարք հարցերի, մասնավորապես ինչու կարգալույծ արեց Մոսկվայի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանին եւ նրա փոխարեն նշանակեց իր եղբորը՝ Եզրաս վարդապետ Ներսիսյանին

Նույն օրը Սահմանադրական դատարանը վավերացնում է ՍԱԿ 4-րդ վարկի տրամադրման օրինականությունը։ Սա բյուջետային վարկ է մոտ 50 միլիոն դոլարի չափով։ Առաջին 20 միլիոն դոլարը տրամադրվել էր մի շարք նախապայմաններով, որոնցից մեկն այդպես էլ չկատարվեց  

Հայաստանի կառավարությունը ՄԵծամորի ԱԷԿ-ը փակելու եւ նրան համարժեք նոր ատոմակայան ստեղծելու համար դոնորներից պահանջում է 1 միլիարդ դոլար։ «Հայաստանը միակողմանի՝ առանց ֆինանսական աղբյուրների, առանց հստակեցնելու ամբողջ ընթացակարգը եւ բոլոր խնդիրները, որոնք պիտի լուծվեն փակելու համար, ժամկետ առայժմ նշել չի կարող»,-2004-ի այս օրը հայտարարում է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը։

2005-ի այս օրը Հասարակածային Գվինեայի արդարադատության նախարարությունը Հայաստանի պաշտոնական ներկայացուցչին է հանձնում պետական հեղաշրջման փորձ ձեռնարկելու մեջ մեղադրվող եւ հետագայում ներման արժանացած վեց հայ օդաչուներին։