Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պարեկ
A A
Հասարակություն

Քաշքշել են պարեկներին, պարեկի ձեռքում գտնվող պղպեղային օդամղիչը շրջելով վերջինիս ուղղությամբ, փչել դեմքին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գյուլագարակ բնակավայրի մի խումբ բնակիչների կողմից պարեկային ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Գյուլագարակ գյուղի 24, 41, 23 և 34 տարեկան բնակիչներ:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2023թ․ հունիսի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի Գյուկագարակ բնակավայրի 24-ամյա բնակիչը, գտնվելով ոչ սթափ վիճակում, համագյուղացիների հետ «Լադա 2170» ավտոմեքենայով փորձել է մուտք գործել «Դենդրոպարկ» բուսաբանական այգու տարածք, սակայն նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները արգելել են ավտոմեքենայով շարունակել ճանապարհը դեպի բուսաբանական այգի:

Ավտոմեքենան կայանելով այգի բարձրացող ճանապարհի մոտ՝ կայանատեղիում, 24-ամյա երիտասարդը և նրա համագյուղացիները, պարզաբանումներ կատարելու նպատակով, մոտեցել են ոստիկանության ծառայողներին:

Կասկածելով, որ նշված երիտասարդն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, պարեկները, նրա սթափության վիճակը ստուգելու նպատակով, իրականացրել են անձի նույնացում, ինչից վրդովվելով՝ այդ անձինք միջամտել են իրավապահների գործունեությանը՝ սպառնացել են օրինական ծառայողական պարտականությունները կարտարող պարեկներին, բռնություն գործադրել նրանցից մեկի նկատմամբ:

Անձանց ոչ իրավաչափ գործողությունները կանխելու նպատակով պարեկներից մեկը պղպեղային օդամղիչ է փչել 34-ամյա տղամարդու ուղղությամբ, որից հետո նշված անձինք քաշքշել են Ոստիկանության ծառայողներին, իսկ նրանցից մեկը, պարեկի ձեռքում գտնվող պղպեղային օդամղիչը շրջելով վերջինիս ուղղությամբ, այն փչել է նրա դեմքին:

Տեսնելով, որ 24-ամյա երիտասարդը շարունակում է ագրեսիվ պահվածքը և չի ենթարկվում իրեն ներկայացված պահանջներին՝ պարեկներից մեկը փորձել է ձերբակալել նրան, ինչը տեսնելով՝ 41-ամյա տղամարդը հրել է պարեկին, որի հետևանքով վերջինս ընկել է գետնին, իսկ 24-ամյա երիտասարդը, օգտվելով այդ հանգամանքից, դիմել է փախուստի: Վերջինս ավելի ուշ հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։

Ձեռք բերված փաստերի հիման վրա միջադեպին մասնակից անձանցից երեքի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Նրանք ձերբակալվել են՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ներկայացվել է մեղադրանք:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնցից 2-ի մասով բավարարվել է, մեկի մասով՝ մերժվել։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե