Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-73 4.06.
A A
Սպորտ

«Արարատ-73». Երևանում ջախջախում ենք «Պախտակորին» և դառնում առաջատար

«Ա1+»-ը շարունակում է 1973 թ Երևանի «Արարատի» կրկնակի հաղթանակներին նվիրված հիշողությունների շարքը:

 

ԽՍՀՄ բարձրագույն խմբի 10-րդ տուրում «Արարատը» Երևանում ընդունում է Տաշքենդի «Պախտակորին», որը 3 միավոր ուներ և գտնվում էր նախավերջին 15-րդ հորիզոնականում:

«Հայաստանի ֆիզկուլտուրիկ» թերթում խաղը մեկնաբանած վաստակավոր մարզիչ Հրանտ Նարինջյանը գրում է, որ արարատցիները հենց սկզբից ձգտում են շատ արագ արդյունքի հասնել: Կռահելով տանտերերի մտադրությունը, հյուրերը 7-8 հոգով ետ են քաշվում և անցնում խորը պաշտպանության: «Արարատն» անընդհատ գրոհում է և եզրերով, և կենտրոնով, ընդ որում դրանց մասնակցում են նաև պաշտպանները: Երկարատև ճնշման հաշվին տանտերերը 40-րդ րոպեին վաստակում են 11մ հարվածի իրավունք, որը վստահ իրացնում է Արկադի Անդրեասյանը:

Ընդմիջումից հետո պատկերը չի փոխվում: Արարատցիները շարունակում են ուժեղացնել տեմպը և էլ ավելի մեծ ուժերով գրոհել: 68-րդ րոպեին տաշքենդցիները դարձյալ խախտում են թույլ տալիս սեփական տուգանային հրապարակում: Անդրեասյանը 11մ հարվածով կրկնապատկում է հաշիվը:

Գոլից հետո «Արարատն» արագ և բազմաքայլ կոմբինացիների օգնությամբ ստեղծում է մի քանի վտանգավոր պահեր: Դրանցից մեկը 75-րդ րոպեին ավարտվում է դարպասի գրավումով. Զանազանյանը փոխանցում է Ղազարյանին, վերջինս իր արագության հաշվին շրջանցում է պաշտպանին և փոխանցում կատարում Մարգարովին, որը գլխի հարվածով խփում է երրորդ գոլը: Հինգ րոպե անց արդեն գործի է անցնում տանտերերի «հեռահար հրետանին», և Սերգեյ Բոնդարենկոն հուժկու հարվածով հաշիվը դարձնում է 4:0: Արարատցիները երկրորդ խաղն անընդմեջ տոնում են խոշոր հաշվով հաղթանակ:

Այդ հաղթանակից հետո «Արարատը» վաստակում է 12 միավոր և դառնում առաջատար, քանի որ խփած և բաց թողած գնդակներով գերազանցում է իր հետ հավասար ընթացող մնացած երեք թիմերին միասին վերցրած՝ +9-ը՝ +7-ի դիմաց:

Հաջորդ տուրում «Արարատը» Երևանում ընդունում է հենց այդ երեք թիմերից մեկին՝ Դոնեցկի «Շախտյորին»: Իսկ թե ինչպես է ավարտվում երկու առաջատարների մրցավեճը, կիմանանք հունիսի 13-ին: