Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Վախում ենք գլորվենք ձորը. ալավերդցի (տեսանյութ)

Մ6-Սարահարթ-Ակներ հիմնանորոգվող ճանապարհի թերևս ամենաբարդ հատվածում շինտեխնիկան է՝ շինարարներով: Տեղանքով ու հանույթի ծավալներով պայմանավորված՝ մտահոգություն ունեն և՛ բնակիչները, և՛ շինարարները:

«Համ բարձրությունն է բարձր, համ տեսանելիություն չկա, համ էլ տակի պատերը մի քիչ խարխլված են», – ասում է տեղամասի պատասխանատու Գալուստ Լալայանը։

«Կարա՞ք մի հատ քաղաք իջնեք։ Հլա էս ճամփին տես։ Էն ավարիայի բունը հազիվ մի կերպ անց ենք կենում, ընդիան, որ ընգանք, մինչև «Պլաշ» մին տինք գնա։ Էն ի՞նչ են արել։ Ավելի լավ ա ճամփեն փակեն միհետից, քան թե էն ինչ են արել», – ասում է Ալավերդու բնակիչներից մեկը։

Պարոն Ռաֆիկի մտահոգությունը շատերն են կիսում: Հիմնանորոգվող ճանապարհին անվտանգությունն պահպանված չէ, ասում են:

Օրինակ, երբ հիմնանորոգվում էր Մ6 միջպետական ճանապարհը, իտալական ընկերությունը միակողմանի երթևեկությունը կարգավորում էր ժամանակավոր լուսացույցերով: Այս ու նման անվտանգության հարցերի վերաբերյալ տեղամասի պատասխանատուի պատասխանը կարճ է:

Գալուստ Լալայանը

«Մասնագետներն իրանց տեղում են, թող ընդամենը ենթարկվեն էն ցուցումներին, որը տրվում ա։ Մենք ամեն ինչի մասին գիտենք, ամեն ինչի մասին մտածում ենք», – ասում է տեղամասի պատասխանատուն։

Ճանապարհի մի կողմում ժայռի հանույթն է, այսինքն տարբեր տրամաչափի քարեր, մյուսում՝ ձորակ ու վտանգներ, բայց այլընտրանքային ճանապարհ չկա, մնում է հարմարվել իրավիճակին:

«Մենք չենք կարա թողանք, որ տակը հանի, որովհետև վերևում դեռ աշխատանքներ են կատարվում։ Մաքսիմալ, ինչը որ հնարավոր ա անենք, մի հատ քար էլ, թր թափվում ա, մաքրում ենք, երթևեկելի հատվածը։ Բայց իրավունք չունենք տալ դեպի եզր, որովհետև եզրն արդեն վտանգ ա», – նշում է Գալուստ Լալայանը։

Զույգ կամուրջներից սկսած մոտ 3 կիլոմետր հատվածում հողային աշխատանքները կարելի է ավարտված համարել, բացառությամբ մեկ-երկու հատվածի, ինչի հետ կապված անելիքները դեռ հստակ չեն: Շինարարներն աշխատում են երկու հերթափոխով, գործը դանդաղեցնում է ակտիվ երթևկությունը: Վարորդների մեծ մասը համբերատար սպասում է որակյալ ու անվտանգ ճանապարհի:

«Աշխատում են, ո՞նց անեն բա։ Ըտենց պիտի ըլի», – ասում է երթևեկող վարորդներից մեկը։

«Ավելի լավ ա էսօր հարմարվենք, բայց հետագայում լավ ճանապարհներ ունենանք, որ ավտոները չջարդենք», – նշում է մեկ այլ վարորդ։

Սարահարթ թաղամասն էլ ենթակառուցվածքների, մասնավորապես ջրահեռացման համակարգերի փոխարինման փուլում է, ինչի հետ կապված բնակիչներն անհարմարություններ են կրում․ քարուքանդ ճանապարհներ, մայթեր, քանդվել է հրապարակի շրջանաձև սիզամարգը: Բնակիչների մի մասի կարծիքով՝ աշխատանքները դանդաղում են ու բացի այդ, շինարարը կարող է մի փոքր ավելի պատասխանատու վարքագիծ ցուցաբերել:

«Մենակ թե թուլ ա գնում էլի, քանդում են էդքան շուտ չեն վերականգնում։ Ամեն տեղ քանդել են, մի կողմից պետք ա սկսեն», – ասում է քաղաքացիներից մեկը։

«Կսարքեն էլի երևի։ Որ քանդում են, կսարքեն», – նշում է մեկ ուրիշը։

Սարահարթ թաղամասում շինարարական աշխատանքների վերաբերյալ մանրամասներ պարզելու համար փորձեցինք կապ հաստատել այս տեղամասի պատախասնատուի հետ, սակայն չհաջողվեց: Արդեն որերորդ անգամ տեղամասի պատասխանատու Գագիկ Հովակիմյանը խուսափում է մեզ հետ հանդիպումից և ինֆորմացիայի տրամադրումից: Հավանաբար նախագծային որոշ թերությունների, ոչ հստակ ժամկետների կամ մի որևէ այլ պատճառաբանությամբ: Մնում է հուսալ, որ պետական, այսինքն հարկատուների միջոցներով իրականացվող աշխատանքների հանդեպ հանրային վերահսկողության պահանջը նման դրսևորումներ այլևս չի ունենա:

Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում