Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ղոչաղ Ազգուշը և կոշկակար Բուլոն (տեսանյութ)

«Էս ուրց ա, էս վարունգի թթու ա, սա շուշանն ա, էս պանիրն ա, էս էլ կաթն ա, էս էլ մածունն ա, էն էլ մեր Այգեհովիտի հացն ա», – կրպակի տեսականին է ներկայացնում Ազգանուշ Հովսեփյանը։

Տիկին Ազգուշի կրպակը Սևքարի ամենամարդաշատ հատվածում է՝ գյուղամիջում: Գյուղի հնաբնակ առևտրականերից է, շուրջ 32 տարի այս գործով է զբաղվում: Մի օր լավ, մի օր վատ, չի բողոքում: էնպես չի, որ տիկին Ազգուշի կրպակից բացի հարևունությամբ այլ կրպակներ չկան։ Ուղղակի այն, ինչ կա այստեղ, մնացած ոչ մեկում չես գտնի: Ամեն ինչ տնական, համն ու հոտն էլ՝ անմահական:

Ազգանուշ Հովսեփյանը

«Ամեն ինչ էլ ունեցել ենք, առևտուր ենք արել, իսկ հիմի ոչ ստանում ենք, ոչ էլ վաճառում։ Իմ տան էղածը ծախում եմ, գնում տուն։ Էրեխեք ենք մեծացրել, պսակել ենք, հարսանիքնի ենք արել, խանութ ենք ունեցել՝ ճոխ, ամեն ինչ, իսկ հիմի էլ չկա, մենք էլ սենց ենք համակերպվում, սենց ենք յոլա գնում», – պատմում է տիկին Ազգանուշը։

Անտառից ուրց, տարբեր դեղաբույսեր ու հատապտուղ է հավաքում, վաճառում: Ժամանակին լի ու բոլ կրպակ  է ունեցել, հիմա դատարկ թարեքների վրա շատ բան չես գտնի։ Փոխարենը խնամքով պահպանել է խորհրդային ժամանակների կշեռքն ու ձեռքի հաշվիչը, որոնք մինչ այսօր ծառայում են իրեն։

«Կոֆե եմ ծախում, հաց եմ ծախում, մեր հինական բաներն են, յոլա ենք գնում։ դեռ հլա հին կշեռքով ենք ապրում, նորը, որ ունենամ, նոր բաներ պետք ա ունենամ, ծախեմ։ Բայց հիմի ոչ կա, ոչ էլ ծախեմ», – ասում է Ազգանուշ Հովսեփյանը։

Գյուղում ապրելը դժվարացել է․ տարեցտարի ապառիկի տետրերն ու թվերն են ավելանում ու հազվադեպ  զրոյանում։ Սովետի օրոք լավ էինք ապրում,  անկախություն գցողը ոչ մեռնի, ոչ ապրի, ասում է տիկին Ազգուշը:

«Գյուղիցը գնում էին անտառ, փայտ էին բերում, վաճառում, մեզանից առևտուր էին անում, տանում էին, ծախում էին։ Հիմի չկա, փակված ա լրիվ։ Հեն ա, տղերք են, պարապ-սարապ նստած են», – ասում է կրպակատերը։

Տիկին Ազգուշի հարևանությամբ գործող կրկապներից մեկն էլ կոշկակար Բուլոն է զբաղեցրել: Սևքարեցի Ռուբենն է, քիչումիչ գործ ունի, օրական հազիվ մի երկու զույգ կոշիկ է նորոգում:

Ռուբեն Օհանյանը

«Հիմի ո՞վ ա կոշիկ սարքում, ամենքի տակին չորս մերսեդես կա դրած, իրանց հմար գուլատ են ըլում», – ասում է կոշկակար Ռուբեն Օհանյանը։

Ասում է՝ պրոֆեսիոնալ կոշկակար է, ինքնուս ու շուրջ 41 տարի արդեն դրանով է վաստակում։ Հիշում է՝ իրենց ժամանակ դպրոցում ով լավ չէր սովորում, ծնողներն ասում էին, թե մի արհեստի կտան, ոնց էլ չլինի, իր գլուխը կպահի: Հիմնականում ոսկերչություն, բրուտագործություն ու կոշկակարություն էին  սովորում։ Այսօրվա երիտասարդներից շատերի գլուխը, որ թափ տաս, բան դուրս չի գա, բայց այսպիսի արհեստով զբաղվելն էլ ամոթ են համարում, կատակով ասում է պապը:

«Էն ժամանակվա երիտասարդությանը բերում ես, էս մաֆիոզներին ե՞ս համեմատում։ Սրանք ուրիշ ձևի են շարժվում, ուրիշ ստիլով են ապրում։ Էն ժամանակ, որ իմ հերն ինձ ասում էր՝ պըտի գնանք անտառ՝ փետի, ես գնում էի։ Բայց հիմի թող մեկն ասի, որ ինքը կգնա», – ասում է երկարամյա կոշկակարը։

Մի ոտնաչափ տարածք ունի, բայց չի բողոքում, ինչպես ասում են՝ արհեստավորը մինչև ճաշ է սոված: Ճիշտ է, նախկինի պես չէ գործը, ապառիկը, ինչպես բոլոր կրպակներում, իր մոտ էլ համը հանում է, բայց չի դժգոհում. Էլի մի կտոր հացի փող հանում է:

«Ասում ա՝ որկու օրից։ Էրկու օրն անց ա կենում, էրկու շաբաթ, մի ամիս, ու արդեն ինձ ձեռք չի տալիս», – նեղսրտում է կոշկակարը։

Պարտադիր չէ, որ կոշիկները լավ սարքես, կարևորը վերաբերմունքն է, քաղցր լեզուն, որ օձը բնից կհանի։ Վարպետ Բուլոյի հաջողության գաղտնիքը հենց սրանում է։ Դե իսկ վերջում հավելում է՝ դժվար օրեր են, ցավը շատ, ժպիտներ ու սեր է պակասել, բայց հենց ասեղն ու թելը ձեռքն է վերցնում, ամեն բան մոռանում է:

Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում