Հատուկ ծրագիր ընդդեմ դոպինգի
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն սպորտում դոպինգի կիրառման դեմ պայքարելու համար հակադոպինգային կանոններ է ընդունել:
Այդ կապակցությամբ ՀԱՕԿ-ն այսօր Երեւանի «Մոսկվայի տանը» կազմակերպեց միջոցառում, որի ժամանակ մասնակիցները դիտեցին դոպինգի վերաբերյալ հատուկ նկարահանված ֆիլմ, ապա ծանոթացան օրերս լույս տեսած «Հակադոպինգային կանոններ» գրքույկի հետ:
Ինչպես նշեց ՀՀ հակադոպինգային գործակալության տնօրեն Արեգ Հովհաննիսյանը, հանրապետությունում ստեղծվել է ազգային հակադոպինգային կրթական ծրագիր, որի հիմնական նպատակն է մշակել եւ իրականացնել ուսուցողական միջոցառումներ դոպինգի օգտագործման կանխարգելման եւ այդ երեւույթի դեմ պայքարի վերաբերյալ:
«Այս ֆիլմը թվով երրորդն է աշխարհում, որը նկարահանվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից արված դրամական շնորհի օգնությամբ: Այն առաջին հերթին նվիրված է երիտասարդ մարզիկներին, որպեսզի նրանք պատկերացում կազմեն, թե ինչպիսի վնաս է հասցնում դոպինգը մարզիկների առողջությանը» - ֆիլմի ցուցադրումից առաջ ասաց Արեգ Հովհաննիսյանը: