Բացել լրահոսը Փակել լրահոսը
baqun-amen-inch-anelu-e-or-hay-n246003-1
A A
Քաղաքականություն

Ալիևը պատերազմի առիթի նոր հնարավորություններ է ստեղծում․ Սուրեն Սուրենյանց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանը՝ Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս և իրենց պայմանների հիմքով կատարել սահմանագծման աշխատանքները։

Թեմայի շուրջ Ա1+ը զրուցել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանից հետ։

Պարոն Սուրենյանց ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի հայտարարությունը։

—Ցավալի իրականության հետ գործ ունենք։ Ալիևը ցինիկ ձևով փորձում է ստանալ առավելագույնը, որպեսզի պատերազմի հետևանքները կապիտալիզացնի։ Ցավոք սրտի պարտված երկիրը պետք է գին վճարի, բայց Ադրբեջանն առավելագուն  գինն է ուզում։ Դատելով Ալիևի խոսքից այն իրենից ենթադրում է ոչ միայն ԼՂ-ի ամբողջական ռեինտեգրացիան, այլ նաև դելիմիտացիայի պայմաններ, որը իրենից ենթադրում է նաև 7-8 գյուղերի վերադարձը Ադրբեջանին, հայտնի անկլավների մասին եմ ասում։

Մինչև 1998թ Հայաստանը հնարավորություն ուներ որոշելու, թե ինչպիսի Ադրբեջան պետք է լինի, հետագա 20 տարիներին ու հատկապես 44օրյա պատերազմում պարտվելուց հետո կտրուկ իրավիճակ է փոխվել։ Հիմա հաղթողի կարգավիճակով Ադրբեջանն է փորձում որոշել, թե ինչպիսի պետություն պետք է լինի Հայաստանը։

Այս պարագայում ի՞նչ պետք է անի Հայաստանը։ 

—Երեք խնդիր պետք է լուծի Հայաստանը։ Կասկածի տակ չդնել Հայաստանի ինքնիշխանությունը։ Կասկածի տակ չդնել այն տարածքային ժառանգությունը, որը ստացել ենք Սովետական Հայաստանից և հնարավորինս պահել Արցախի հայկականությունը։ Սրանք շատ բարդ խնդիրներ են։ Ես չգիտեմ, թե արդյոք մենք կարող ենք լուծել այս խնդիրները։ Ալիևը այս պահին խաղաղության պայմանագիր չի ուզում, նա պատերազմի առիթի նոր հնարավորություններ է ստեղծում։ Կա շատ մեծ դիսբալանս և նա գիտի, որ դիվանագիտական միջավայրը ևս Հայաստանի օգտին չէ և դրան հակառակ որևէ երկիր չի պատրաստվում հանուն ՀՀ-ի իր հարաբերությունները փչացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք  Հայաստանի ԱԳՆ-ի պատասխանը, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը և այլն։

—Դրանց արդյունավետությանը չեմ հավատում։ Մենք տեսնում ենք, որ Ալիևը թքած ունի Հաագայի միջազգային դատարանի վրա, Ալիևը կարողանում է Բաքու ամերիկյան համանախագահի այցի օրը գնդակահարել ԼՂ քաղաքացի երեք հայ ոստիկանների և մարսել դա։ Նա  գրեթե 100 օր փակել է միջանցքը և ՌԴ-ն չի կարողանում բացել, իսկ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Կլարը ասում է, որ Լաչինի միջանցքում վերահսկողական մեխանիզմներ պետք է լինեն փոխադրումների թափանցիկության համար, այս իրավիճակում ենթադրել, որ միջազգային իրավունք կամ վերահսկողական մեխանիզմներ կարող են արդյունավետ լինել  մեծ շռայլություն կլինի։

Հայաստանը պետք է մեծ ուշադրություն դարձնի երկկողմ հարաբերությւոններին։ Օրինակ ՌԴ-ի առջև պետք է հստակ հարց դնել, թե որն է նրանց կարմիր գիծը, որ այդ կետից այն կողմ նրանք չեն հանդուրժի Բաքվի սադրանքները։ Արևմտյան գործընկերների առաջ ևս պետք է շատ հստակ հարց դնել, թե որն է այն կարմիր գիծը, որից հետո արևմուտքը սանկցիաներ կկիրառի Ադրբեջանի դեմ։

Ըստ Ձեզ խաղաղության պայմանագրի մեջ Արցախի մասին կետ պե՞տք է լինի, թե ոչ ու ինչպիսի՞ բովանդակությամբ եք այդ կետը  պատկերացնում։

—Անցած տարվա հոկտեմբերի  6-ին Պրահայում Փաշինյանը շատ մեծ դիվանագիտական սայթաքում է արել։ Նա համաձայնել է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն դրա դիմաց չի սատցել երաշխիքներ։ Այդ հայտարարությամբ Փաշինյանը պարտավոր էր գրավոր երաշխիքներ պոկել Արցախի քաղաքական ինքնավարության, անվտանգության և միջազգային երաշխիքների մասին։

Ես կարծում եմ, որ առնվազն փաստաթղթային մակարդակով պետք է ամրագրվեն այն մեխանիզմները, որոնք կերաշխավորեն Արցախի քաղաքական սուբյեկտությունը և նրա ժողովրդի անվտանգությանը։

Ինչպե՞ս եք վերաբերվում Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողանում իր առջև դրված պարտականությւոնները կատարել, ապա հենց ՌԴ-ն պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ԼՂ-ում բազմազգ խաղաղապահ զորախումբ տեղակայելու համար։

—Դա գեղեցիկ շարադրանք է, որը որևէ կապ չունի ռեալ պոլիտիկի հետ։ ՌԴ-ն նման ցանկություն չի ունենա։ Ինքը չի ունենա ցանկություն տարածաշրջանում իր ազդեցությունը կամավոր կիսել այլ երկրների հետ։ Որովհետև եթե ՌԴ-ն դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ապա միջազգային մանդատը խաղաղապահ առաքելության բաղկացած չի լինելու միայն ՌԴ-ից, բաղկացած է լինելու նաև այլ երկրներից։

Ես չգիտեմ աշխարհում որևէ կայսրություն, այդ թվում Ռուսաստանը, որը ինքնակամ կհամաձայնի իր ազդեցությունը կիսել այլ երկրների հետ։ Փաշինյանի նկարագրած այդ գեղեցիկ մեխանիզմը անիրագործելի է գլոբալ հակադրության պայմաններում, որովհետև գլոբալ հակադրությունից հետո՝ արևմուտք-Ռուսաստան, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոնսեսուսով որևէ որոշում չի կարող կայացնել, եթե անգամ Ռուսաստանը դիմի։ Դրան չեն գնա ո՛չ Ռուսաստանը և ո՛չ այլ միջազգային խաղացողներ։ Ես վստահ եմ, որ որևէ երկիր չի շտապում իր զինվորականներին ուղարկել Արցախ։

Իսկ ո՞րն է այդ դեպքում հայտարարության իմաստը։

—Փաշինյանը իրական քաղաքականություն վարելու փոխարեն տրվում է պատրաքներին։ Երբեմն խոսում է գեղեցիկ ձևակերպումներով, որոնք իրական  քաղաքականության հետ որևէ կապ չունեն։ Ինձ մոտ տպավորություն է, որ նա ամեն հինգշաբթի կառավարության նիստերում  իրեն պարտավորված է զգում  անդրադարձ անել անվտանգության խնդիրներին հաճախ կրկնելով նույն ծեծված նախադասությունները։ Դրանք ավելի շատ ցանկությունների, քան իրական քաղաքականության մասին են։

Պարոն Սուրենյանց  ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելով, մինչ այդ էլ ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելով և դրանք Հայաստանի համար վտանգավոր համարելով,   արդյոք Հայաստանը սկսել  է ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց։

—Դրա մասին շատ շիտակ պետք է հայտարարի Հայաստանի իշխանությունը։ Պետք չէ տարբեր ձևակերպումներով փորձել լղոզել գործընթացը։ Հայաստանի իշխանությունը մի քանի հարցի պետք է հստակ պատասխան տա։ Արդյոք պատրաստվում  է Հայաստանը լքել ՀԱՊԿ-ը, եթե այո, ապա որն է այլընտրանքային անվտանգային համակարգը, որովհետև առանց նման առաջարկի անիմաստ է լքել ՀԱՊԿ-ը, կամ նույնիսկ վտանգավոր է լքել ՀԱՊԿ-ը։ Արդյոք անվտանգության նոր հովանոց Հայաստանը ունի, թե ոչ։ Եթե ունի, ապա պետք է հասարակությանը ներկայացնել, թե ինչ առաջարկույթւոն է ստացել Հայաստանը և ինչպիսի անվտանգային համակարգի ամսին է խոսքը։ Եթե չունի և անում է նման քայլ, այսինքն փորձում է առանց այլընտանքային առաջւարկի հարաբերությունները ճգնաժամային դարձնել ՀԱՊԿ-ում, ապա դա շատ վտանգավոր կլինի։

Ի՞նչ  արդյունք կարող է թողնել Հայաստանի վրա ՀԱՊԿ-ից դուրս գալը։

 —Եթե այլընտրանքային անվտանգային առաջարկ չունենք, ապա ՀԱՊԿ-ից դուրս գալը նոր մարտահրավերներ է բերելու։ Մանավորապես Ռուսաստանի դեմքով վաստակելու ենք նոր թշնամի, որը անպայման հակազդեցություն է ցույց տալու այդ քայլին։ Հայ-ռուսական հարաբերությւոններում առաջանալու է նոր վակում, ինչից օգտվելու է Ադրբեջանը։

Իսկ դրական արդյունքի մասին կարող ենք խոսել, եթե իմանանք, թե արդյոք Հայաստանը անվտանգային այլընտրաքի այլ առաջարկ արևմտյան որևէ երկրից, կամ աշխարհաքաղաքական այլ կենտրոնից ստացել է։ Ես վստահ ասում եմ, որ չի ստացել, որովհետև արևմտյան հնարավոր գործընկերները առայժմ հրաժարվում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառեն, էլ ուր մնաց այլընտրանքային անվտանգության լուրջ առաջարկներ անեն Հայաստանին։

Իսկ ինչպե՞ս կարող ենք աշխատեցնել ՀԱՊԿ մեխանիզմը։

Այնպես չէ, որ մինչև հեղափոխությունը այդ կառույցը շատ արդյունավետ  է եղել, կամ այդ կառույցի աջակցությանը ապավինել է Հայաստանը։ Դա այդպես չէ։ Ես չեմ էլ հիշում, որ Հայաստանի Հանրապետության երեք նախկին նախագահներից որևէ մեկը դիմած լինի ՀԱՊԿ-ի աջակցությանը։ Հայաստանին այդ կառույցը առավելապես պետք է եղել որպես հայ-ռուսական հարաբերությունների հերթական հարթակ և որպես միջոց, որով կարողացել ենք ձեռք բերել ավելի էժան սպառազինություն։

Հայաստանը բոլոր հնարավորությունները պետք է օգտագործի անվտանգության բարձիկների հնարավորությունը շատացնելու համար։

Իհարկե, հրաշքների չպետք  է սպասել, որ ՀԱՊԿ-ը ավելի կազմակերպված է դառնալու, որովհետև ՀԱՊԿ-ը արդյունավետության շատ ցածր մակարդակ ունի նաև    մյուս ուղղություններում՝   Կենտրոնական Ասիայում, Արևելյան Եվրոպայում։ 

Հայաստանը պետք է աշխատի նաև արևմուտքի, Իրանի և Հնդկաստանի հետ, բայց տարբեր ուղղություններով աշխատանքը պետք է փոխլրացմամբ արվի, այլ ոչ թե մի ուղղությունը հակադրվի մյուս ուղղությանը, ինչը հաճախ այսօր մեր իշխանության վարքագծում նկատում ենք։