Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_f61c2e94a89ce7_61c2e94a89d27.thumb
A A
Հարցազրույց Հասարակություն

Իրական պատճառը՝ քաղաքը ամբողջովին Տիգրան Ավինյանի կառավարմանը հանձնելն է․ Իզաբելլա Աբգարյան

Երևանի քաղաքապետարանի արտահերթ գործավարական նիստում Հրաչյա Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։   Ա1+ը զրուցել է ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ

 

Տիկին Աբգարյան ըստ Ձեզ, ո՞րն էր քաղաքապետի հրաժարականի իրական պատճառը։

—Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է։ Իրական պատճառն է քաղաքը ամբողջովին հանձնել Տիգրան Ավինյանի կառավարմանը, որպեսզի ընտրություններից առաջ չլինեն տհաճ անակնկալներ։ Եթե սրանից առաջ քաղաքում կատարվող աշխատանքը կապում էին նաև Հրաչյա Սարգսյանի հետ, հիմա կկապեն միայն Տիգրան Ավինյանի հետ։

 

Այսինքն՝ Հրաչյա Սարգսյանը խանգարո՞ւմ էր Տիգրան Ավինյանի վարկանիշին։

—Եթե նույնսիկ հատուկ չխանգարեր, ակամայից այդպես էր ստացվում։ Եթե ուշադիր նայենք երևանցիների արձագանքին, ապա կտեսնենք, որ որպես աշխատանք անող կապ ուներ ավելի շատ Հրաչյա Սարգսյանը։

 

Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հրաչյա Սարգսյանի՝ այս ընթացքում կատարած աշխատանքը՝ քաղաքապետի պաշտոնում։

—Ես, ճիշտն ասած, դժվարանում եմ վերջնական գնահատական տալ։ Նայել եմ կատարողականը, ինչպես նաև տարվա զարգացման ծրագիրը և ինքս բազմաթիվ անգամ ներկայացրել եմ կոպիտ խախտումները և ֆինանսական ռիսկերը, որոնք առկա են եղել մրցույթներում, տարբեր շինարարական աշխատանքներում։ Ես չեմ կարող լավ գնահատական տալ այդ ամենին։ Նաև ես չեմ տեսնում, որ Երևանի տրանսպորտը Հայկ Մարությանից հետո բարեփոխվել է և մի քիչ ավելի լավն է դարձել։ Չէ որ Մարությանի հրաժարականի ժամանակ նշում էին, որ Հրաչյա Սարգսյանը, ով ունի աջակցությունը Կառավարության և Ազգային Ժողովի՝ ավելի արագ կլուծի խնդիրները։ Թե երևանցիների որ խնդիրն է լուծվել ես չեմ տեսնում, թող երևանցիները ասեն։

 

Ինչպե՞ս եք գնահատում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատանքը և գործունեությունը փողքաղաքապետի պաշտոնում։ Հասարակությունը տեսնում է, որ նա կարմիր ժապավեններ է տարբեր տեղերում կտրում և այլն։

-Ես ավելի ճիշտ գնահատում եմ, որ Տիգրան Ավինյանը սիրում է այլոց աշխատանքը իրեն վերածել, սկսած Բաղրամյանի էստակադաներից և վերջացրած գետնանցումներով։ Տիգրան Ավինյանի ներդրումը այդ ամենում շատ ավելի չնչին է, քան նա է ներկայացնում։ Ակնհայտ է, որ նա ոչ այնքան աշխատում է, որքան ցույց է տալիս։

 

Քաղաքապետի արտահերթ ընտրությունների մասին շատ է խոսվում, որքանով եք  հավանական համարում և ե՞րբ կարող է այն լինել։

-Ես երկու ձեռքով կողմ եմ, որ հնարավորինս շուտ լինեն ընտրույթունները, որովհետև Երևանի ժողովրդավար կառավարումը վերածվել է կրկեսի։ Երևանը արդեն որերորդ քաղաքապետն է փոխում և տպավորություն է, որ Երևանի կառավարումը կարծես թե լինի խաղաքարտերի դարսակ, որը իշխող ուժը ինչպես ուզում է բաժանում է, հետո դուրը չի գալիս և այլ կերպ  է բաժանում։ Սա ուղղակի ծաղր  է համայնքային կառավարման ինստիտուտի հանդեպ և ես միանշանակ կողմ կլինեմ, որ Երևանը հնարավորինս շուտ ունենա նոր ընտրված ավագանի և քաղաքապետ։ Սակայն, մտավախություն ունեմ, որ ընտրությունները շուտ տեղի չեն ունենա և քաղաքապետի հեռանալն էլ հենց դրանով է պայմանավորված, որ իրենց առջևում ունենան մի քանի ամիս, ամբողջովին արդեն Տիգրան Ավինյանի ձեռքի տակ, որ նա կարողանա ավելի լավ պատրաստվել հերթական ընտրություններին, որոնք արդեն սեպտեմբերին են։

 

Հրաչյա Սարգսյանը նշեց իր հրաժարականի խոսքում, որ հույս ունի, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա Երևանցիների վստահության քվեն։  Դուք բավականին ակտիվ եք սոցիալական հարթակներում և հաճախակի շփումներ եք ունենում հասարակության հետ, ըստ Ձեզ, Երևանի ընտրությունները, եթե լինեն մեկ ամիս անց,  Տիգրան Ավինյանը կկարողանա՞ հաղթել։

-Ես կարծում եմ, որ  յուրաքանչյուր օրը աշխատում է Տիգրան Ավինյանի դեմ։ Պետք չէր նրան այդքան շուտ բերել քաղաքապետարան։ Հաշվարկը, որ արել են, որ նա այդպիսով ավելի ճանաչելի կդառնա Երևանում, տեղի ունեցող ձեռքբերումները իրեն վերագրելով, հենց երևանցիների գրպանից արվող գնումները, ինչպիսին են ավտոբուսները և այլն։ Դրանք մեր հարկատուների գումարներն են, իսկ նա այնպես գեղեցիկ է ներկայացնում, որ կարծես թե այդ ամենը ինքն է անում իր գրպանից։ Հաշվարկը եղել է, որ իր վարկանիշը կաճի, բայց իմ  դիտարկմամբ և իմ շփումների արդյունքում ես տեսնում եմ, որ երևանցիներին դուր չի եկել իր գործունեությունը և օրեցօր իր վարկանիշն ընկնում է։ Բացի այդ, քաղաքային տնտեսությունը բավականին բարդ ոլորտ է, և երբ սկզբում լինում են ակնկալիքներ, բայց որոշ ժամանակ հետո քաղաքապետի վարկանիշը ընկնում է, որովհետև մարդիկ դժգոհ են, եթե չես կարողացել լուծել հիմնական խնդիրները։ Իսկ Երևանի հիմնական խնդիրները դեռևս լուծված չեն։ Այնպես որ, ամեն օրը էլ ավելի վատ է անդրադառնալու Տիգրան Ավինյանի վարկանիշի վրա։