Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Խոստանում եմ, որ Ադրբեջանը դրանից երջանիկ չի լինելու». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության հնարավոր պայմանագրի վերաբերյալ որոշ առաջարկների շուրջ ունեն կոնսենսուս:

Այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:  

Անդրադառնալով հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրի նախագծի՝ հայկական կողմի վերջերս ուղարկված առաջարկներին պատասխան կա՞ ադրբեջանական կողմից, ԱԺ նախագահն ասաց, որ այս պահին տեղեկություն չունի արձագանքի մասին:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ն առաջարկներ, որոնց շուրջ կոնսենսուս կա հայկական և ադրբեջանական կողմերի միջև՝ Սիմոնյանն ասաց. «Այո, կան»:

Դրանք չբարձրաձայնելով՝ ԱԺ նախագահն ասաց, որ դրանք միջազգայնորեն ընդունված սկզբունքներն են:

Իսկ, թե որո՞նք են «կարմիր գծերը»՝ Սիմոնյանն ասաց. «Մենք չենք կարող խաղաղության պայմանագրի մեջ ականներ դնել ՀՀ պետականության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»:

Նա նշեց՝ խաղաղության պայմանագրերը վերաբերում են երկու երկրների հարաբերություններին: Իսկ Արցախի հարցը, ըստ ԱԺ նախագահի, պետք է երկու երկրների պայմանագրի մեջ որևէ ձևով արտահայտված չլինի: Հիմա քննարկումներ են ընթանում տեքստի շուրջ:

«Թող չլինի տպավորություն, թե այդ պայմանագրով մենք որևիցե ձևով փորձում ենք հետ կանգնել Արցախի շահերի պաշտպանությունից, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունից: Պետք է հասկանանք՝օրինակ, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ինչ-որ մասով մեզ բավարարո՞ւմ է այդ իրավունքները ֆիքսելու, թե՞ չի բավարարում: Եվ արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում, օրինակ, նոր դրույթ դնելով՝ չեղյալ չենք հայտարարի՞ նոյեմբերի 9-ի փաստաթղթում տեղ գտած՝ մեզ և Արցախի ժողովրդի համար տեղ կտած կարևորագույն արձանագրումները, որոնց տակ կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը: Հանկարծ թող տպավորություն չլինի, թե մենք դրանով հեռանում ենք, հակառակը՝ մենք ֆիքսում ենք այն, ինչ արդեն կա արձանագրված, և չենք ուզում վնաս տալ»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա շեշտեց՝ հնարավոր խաղաղության պայմանագրի շուրջ քննարկում է ընթանում, դեռ պարզ չէ, թե այն վերջնական ինչ տեսք կունենա: