Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ճակատագրական սխալ կլինի ակադեմիայի կարգավիճակի փոխումը եւ ԳԱԱ ինստիտուտները բուհ տանելը. «Առերեսում» (տեսանյութ)

ՀՀ լեզվի ինստիտուտի ընդհանուր ժողովն օրերս ընդունել էր հայտարարություն, որում մասնավորապես ասված է․ «Արդարացում չունի որեւէ համակարգ բարելավելու պատճառաբանությամբ ոչ պակաս կարևոր մեկ այլ համակարգի լուծարումը»։

Հայտնի է այս մտահոգության պատճառը՝ կառավարության 2020-2030 թվականների ռազմավարության դրույթը, ըստ որի՝ ակադեմիական ինստիտուտները, գուցե ոչ ամբողջապես, նախատեսվում է տանել բուհեր։ Ի՞նչն է անհանգստացրել գիտնականներին, որո՞նք են ակադեմիական գիտության եւ ԳԱԱ համակարգի զարգացման հեռանկարները։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը ասում է. «Պատճառաբանում են, թե նպատակը բուհերն ուժեղացնելն է։ Հակափաստարկները կարող եմ թվարկել մինչեւ լույսը բացվելը, բայց գլխավորն այն է, որ բուհերի ուժեղացմանը կարելի է նպաստել, եթե հաստատությունները լինեն առանձին։ Ակադեմիայի նախագահը մի ամբողջ ծրագիր էր մշակել, որպեսզի ցույց տա, որ ակադեմիան առանձին կարգավիճակով՝ բուհերի հետ ինտեգրված վիճակում, լավագույնս կիրականացնի իր ծրագիրը։ Այսինքն, բուհերն ուժեղացնելու համար ակադեմիայի հետ գործակցությունն է կարեւոր։ Վստահ եմ եւ լավատես, որ հարցը չի հասնի մեծ առճակատումների, որովհետեւ վերջին հանդիպման ժամանակ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց՝ քննարկումները պետք է շարունակվեն, վերջնական որոշում չկա։ Բայց ճակատագրական սխալ կլինի ակադեմիայի կարգավիճակի փոխումը եւ ԳԱԱ ինստիտուտները բուհ տանելը։ Սա առանց քաղաքական բաղադրիչների պետք է կարողանանք համոզել»:

Հաղորդման մյուս հյուրը՝ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը նշեց՝ հանրության շրջանում կա հարցադրում, թե Գիտությունների ազգային ակադեմիան մեզ պե՞տք է, թե ոչ․ «Գաղտնիք չէ, որ գիտությունն այսօր հիմնականում կենտրոնացած է ԳԱԱ-ում, որն ըստ հնարավորության՝ պատվով կատարում է իր առաքելությունը։ Եթե ԳԱԱ-ն տրոհվում է, եւ ինստիտուտները գնում են բուհեր, ու հայտնի չէ, թե ինչպես եւ ինչ կարգավիճակով, ապա գիտական համակարգը տրոհվում եւ լուծարվում է։ Այսինքն, դադարում ենք ունենալ միասնական գիտական համակարգ։ Աշխարհաքաղաքական այս իրավիճակում, երբ տարածաշրջանը եռում է, արդյոք ժամանա՞կն է զբաղվել ակադեմիան տրոհելով։ ԳԱԱ ունենալը պետության ցուցանիշներից է՝ ազգային արժեք, հիմնասյուն, եւ այս պայմաններում ի՞նչ իմաստ ունի այն տրոհելը, վերացնելը»։ Անդրադառնալով հարցադրումներին, թե ինչն է խանգարում, որ գիտությունը կրթության համակարգում դիտարկվի՝ Վիկտոր Կատվալյանն ասաց. «Խանգարում է այն, որ գիտությունը միայն կրթության սպասավորը չէ: Գիտությունը սպասարկում է երկրի բոլոր շահերը՝ հասարակության, տնտեսության… Իսկ երբ մենք գիտությունը տանում եւ խցկում ենք միայն կրթության ոլորտ, դիտարկում միայն այդ տեսանկյունով, մեծ սխալ ենք գործում՝ կտրելով գիտությունը երկրի մնացած ողջ կյանքից»:

Փետրվարի 2-ին ԳԱԱ ղեկավար կազմի եւ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ժամանակավրեպ էր անվանել կարծիքները, թե կառավարությունն ունի արդեն կայացրած որոշում՝ բուհերի եւ գիտական ինստիտուտների միավորման վերաբերյալ: «Չկա կայացրած որոշում մեթոդների վերաբերյալ։ Կա կայացրած որոշում, որ պետք է լինի փոփոխություն»,-մասնավորապես ասել էր նա: Այս առնչությամբ Վարդան Դեւրիկյանը կարծիք հայտնեց, որ ամեն ինստիտուտ պետք է իր հերթին հիմնավորի, որ ճիշտն առանձին կարգավիճակն է, եւ ապացուցի իր կենսունակությունը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս  ՝