Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 5-ը փետրվարի․ Մանվել Գրիգորյանը Քոչարյանին զգուշացնում է՝ չփորձի առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Մեղրին փոխանակել (տեսանյութ)

1993-ի այս օրը ընդդիմությունն Ազատության հրապարակում դժգոհում է ցրտից եւ ջեռուցման բացակայությունից, պատերազմից, շրջափակումից: Այս ամենի մեղավորն, ըստ հանրահավաքի կազմակերպիչ ԱԻՄ-ի, միայն Հայաստանի ղեկավարությունն է: Հիմնական պահանջը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու խորհրդարանի արձակումն է: Այս պահանջով նրանք Ազատության հրապարակից շարժվում են նախագահի նստավայր: Նախագահն անձամբ է ընդունում բողոքավորների պատվիրակությանը:

1998-ի փետրվարի 5-ին Վազգեն Մանուկյանը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը համարում է ժողովրդավարության մեծ հաղթանակ: Ըստ Մանուկյանի, սուտ է, թե Հայաստանում պարտվել է խաղաղության կուսակցությունը: Մանուկյանը կասկած չունի, ժողովուրդն արդեն թույլ չի տա, որ իշխանությամբ գայթակղված ուժերը ընտրություններ կեղծեն:

Նույն օրը խորհրդարանում Վանո Սիրադեղյանն անդրադառնում է վերջին օրերի իրադարձություններին, որոնք հանգուցալուծվեցին նախագահի հրաժարականով: Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը երկու տարի առաջ զգուշացրել էր Սահմանադրության այս ծուղակի մասին, նրան լսող չի եղել: Վանո Սիրադեղյանն ինքը չի առաջադրվի նախագահի թեկնածու: Վանո Սիրադեղյանի կարծիքով նախագահը հեռացավ ոչ թե ուժայինների ճնշման տակ, այլ Սահմանադրության:

Նույն օրը Վազգեն Սարգսյանն անձամբ է փորձում բացել նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստում «իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ» արտահայտության փակագծերը: Նախագահի նոր ընտրությունները, պարոն Սարգսյանը սա միանշանակ է ասում, պետք է լինեն բացարձակապես մաքուր ընտրություններ: Ինքը առաջիկա երկու տարում ռազմական գործողությունների վերսկսում չի սպասում: Ի դեպ չի ընդունում նաեւ այս օրերին ձեւավորված խաղաղության եւ պատերազմի կուսակցություններ ձեւակերպումը:

1999-ի այս օրերի քաղաքական հիմնական թեմաներից է խորհրդարանի լուծարման հնարավորությունը: Ռոբերտ Քոչարյանն ակնարկում է, որ լուծարման պատճառ կարող է դառնալ Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու համար դատախազի միջնորդությունը: Խորհրդարանի նախագահ Խոսրով Հարությունյանը գրեթե գլխով է երաշխավորում, որ Ազգային Ժողովը դատախազին չի մերժի: Այդ օրերին Վանո Սիրադեղյանը Հայաստանում չէ, հեռանալուց առաջ նա հասցրել էր զգուշացնել:

2000-ի փետրվարի 5-ին Երկրապահ Կամավորական Միությունը Ծաղկաձորում արտագնա նիստ է հրավիրում: Գեներալ Մանվել Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանին զգուշացնում է՝ հանկարծ թող չփորձի առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Մեղրին փոխանակել այլ հողերի դիմաց: Վարչապետ Արամ Սարգսյանը հանգստացնում է երկրապահներին: Վարչության նիստին մասնակցում են եւ պաշտպանության նախարարը, եւ Ազգային Անվտանգության նախարարը: Նիստի մյուս թեման հոկտեմբերի 27-ի հանցագործության բացահայտումն է: 27-ի նախաքննական խմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանն էլ ասելիք ունի:

2008-ի փետրվարի 6-ին նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի է մեկնում Արարատի մարզ: Արտաշատում առաջին խոսքը խուլիգաններինն է՝ նրանք քարոզչական հանրահավաքի ժամանակ քարեր, սառույցի եւ բետոնի կտորներ են նետում Տեր-Պետրոսյանի կողմնակիցների վրա: Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի խոսքին հավաքվածները չեն հավատում, ավելին, բղավում են՝ հեռացեք: Խանգարողների մեջ կին էլ կա :

2012-ի փետրվարի 6-ին եռօրյա կալանքից հետո «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ են արձակում լրագրող Հայկ Գեւորգյանին: Հայկին մեղադրում էին ոմն Աշոտ Ֆրանգուլյանին վրաերթի ենթարկելու մեջ: Ավելի ուշ պարզվում է, որ Ֆրանգուլյանը ոստիկանության մատնիչ է, որը օգնում է ոստիկաններին որեւէ մեկին հետաքննության օբյեկտ դարձնելու հարցում: