Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ոստիկանները ծեծել են Էդուարդ Վանեսքեհյանին, բռնություն կիրառել նրա կնոջ նկատմամբ՝ անչափահաս երեխայի ներկայությամբ․ Սաքունց (տեսանյութ)

 Ֆրանսիայի քաղաքացի, քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանը  խոշտանգվել է ոստիկանությանը բաժնում․ ահազանգում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Մեդիա կենտրոնում նա ներկայացրեց մանրամասներ։

Քանդակագործի կինը պատմել է, որ նոյեմբերի 19-ի գիշերը ամուսինները  իրենց տան մոտ տեսել են հավաքված մարդկանց և ոստիկանների՝ հարևան տներից մեկում աղմուկ-աղաղակի հետ կապված։

Երբ ամուսինները իրենց տան մոտ փորձում են կարգի բերել իրավիճակը, վիճաբանություն է տեղի ունենում Էդուարդի և մի քաղաքացու միջև։ Այդ ընթացքում ոստիկանները նախ հրմշտում են քանդակագործի կնոջը, բռնություն կիրառում նրա նկատմամբ՝ անչափահաս երեխայի նեկայությամբ, ապա ձերբակալում Էդուարդ Վանեսքեհյանին, տանում Արաբկիրի ոստիկանության բաժին ու ծեծում։

Դրա արդյունքում պատռվում են Վանեսքեհյանի երկու թմբկաթաղանթները: Նա ստանում է բազմաթիվ այլ վնասվածքներ։  Ըստ Սաքունցի՝ Վանեսքեհյանի վնասվածքների հետ կապված քրեական գործ չի հարուցվել, փոխարենը Վանեսքեհյանին կալանավորում են ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու պատճառով։

5 ոստիկանները տուժող են ճանաչվել։ Այս պահին Էդուարդ Վանեսքեհյանը մեղադրյալի կարգավիճակ ունի և գտնվում է կալանքի տակ։

Արթուր Սաքունցը նշում է, որ խոշտանգումների դեպքում անմիջապես պետք է տեսանյութերը և տեսագրող սարքերը հավաքվեին, իսկ դեպքի մասնակիցները միանգամից հարցաքննվեին, ինչը չի արվել․ «Այսինքն այս ամեն ինչը դեպքը կոծկելու միջոց է, անհապազ խոշտանգման փաստերով պետք է կատարվեր քննություն, բայց չի արվել»։

Օրինակ բերելով նաեւ այս դեպքը Արթուր Սաքունցը եզրակացնում է, որ Հայաստանում ոստիկանության բարեփոխումները ճիշտ ընթացակարգով չեն ընթացել և կան բազմաթիվ խնդիրներ․

«Ես համեմատություն կանեմ, սա մարտի 1-ի հետ կապված դեպքերի պես է, պետք է իրավական գնահատական տալ ոստիկանության աշխատողներին, քննիչին, դատավորին։ Չգիտեմ էս դեպքում դատավորի խելամտության աստիճանը որն է։ Ասեմ՝ ոստիկանության բարեփոխումներ չեն եղել, եղել է ընդամենը նոր պարեկային ծառայության ներդնում։ Քրեական ոստիկանությունում և ոստիկանական համակարգում հատվածային չես կարող բարեփոխես»։

 Ի դեպ, ոստիկանության մամլո ծառայությունից չցանկացան մեկնաբանել՝  առաջարկելով դիմել ՀՔԿ-ին, որն առանձին քրեական վարույթ է հարուցել խոշտանգման վերաբերյալ բողոքից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում